Թաիլանդը նոր կորոնավիրուսի հավանական պատվաստանյութի փորձարկումներ է կատարում մակակների վրա՝ հուսալով, որ այն պատրաստ կլինի 2021թ․։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ավելի քան 100 թեկնածու-պատվաստանյութեր ներկայում գտնվում են մշակման տարբեր փուլերում, որոնցից առնվազն ութը արդեն կլինիկական փորձարկումներ է անցնում մարդկանց վրա:

Թաիլանդի կաթնասունների ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Սուչինդա Մալայվիտջիտնոնդը հուսով է, որ «Պատրաստված է Թաիլանդում» պատվաստանյութը ավելի էժան կլինի, քան եվրոպական կամ ամերիկյան դեղամիջոցները:

Հետազոտողների խոսքերով՝ մակակների վրա փորձարկման փուլը սկսվել է այն բանից հետո, երբ մկների վրա թեսթերը հաջող են անցել: Նրանք աշխատում են ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի հետ համատեղ՝ օգտագործելով mՌՆԹ-ի՝ գենետիկական նյութի տեսակի վրա հիմնված նոր տեխնոլոգիան, որը երբեք չի օգտագործվել պատվաստանյութ ստանալու համար։

Գործընթացը ներառում է վիրուսային գենետիկական նյութի կարճ հաջորդականության ներմուծում`վիրուսի դեմ գործող սպիտակուցների արտադրության ճանապարհով իմունային պատասխան առաջացնելու համար։

Առնվազն երկու այլ ընկերություններ՝ դեղագործական հսկա Pfizer-ը եւ ամերիկյան Moderna ընկերությունը, պատվաստանյութը նույն տեխնոլոգիայով են մշակում, ընդ որում՝ վերջինը հայտնել է դրական նախնական արդյունքների մասին:

Թաիլանդը Չինաստանի սահմաններից դուրս առաջին երկիրն էր, որտեղ հայտնաբերվել է վիրուսը: Սակայն այսօրվա դրությամբ ավելի քան 69 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է 3000-ից քիչ ավելի դեպք եւ 57 մահ:

Եթե ​​մակակների վրա փորձարկումները հաջող անցնեն, մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն հոկտեմբերին, ասել է Չուլալոնգկորնի համալսարանում պատվաստանյութերի հետազոտական ​​Chula կենտրոնի նախագահ Կիատ Ռաքսրունգթամը: