Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն քննադատել է Թուրքիայի համագործակցության ցածր մակարդակը՝ կապված Իրան-Թուրքիա ավերված գազատարի վերանորոգման հետ, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան «չի ողջունել» Թուրքիայում գազատարը վերանորոգելու Իրանի առաջարկը, որը վնասվել էր մարտին պայթյունի հետեւանքով եւ դադարեցրել էր Իրանից բնական գազի հոսքը Թուրքիա:

Նա նաեւ հայտարարել է, թե նավթի գները դժվար է կանխատեսել պահանջարկի հեռանկարների վերաբերյալ անորոշության ֆոնին: «Ոչ ոք չի կարող կանխատեսել նավթի գները, պահնաջարկն անորոշ է»,- հավելել է Զանգանեն:

Իրանից Թուրքիա բնական գազի արտահանումը դադարեցվել էր մարտի 31-ին անմիջապես թուրքական սահմանի մոտ խողովակաշարի պայթյունից եւ հրդեհից հետո:

Պայթյունը տեղի էր ունեցել Ագրի նահանգում Ղուրբուլաք սահմանային դարպասներից ոչ հեռու, որը գտնվում է համատեղ Բազարղան սահմանի մոտ: Խողովակաշարով ամեն տարի Թուրքիա է փոխադրվում մոտ 10 մլրդ խորանարդ մետր իրանական գազ, 1990-ական թվականներից այն ենթարկվել է ահաբեկչական հարձակումների: