Ոչ հեռավոր ապագայում աշխարհը կդառնա քաղաք-պետությունների դաշնություն։ Այս մասին կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհի ապագայի մասին Washington Post-ի սյունյակում գրում է թուրք գրող Ահմեթ Ալթանը։

Ալթանը գտնվում է բանտում՝ 2016թ․ հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով։

«Ես գիտեմ այն սարսափների մասին, որ բոլորը ապրում են։ Ինչպես միլիարդավոր այծքաղներ, որոնք պետք է անցնեն կոկորդիլոսներով լցված գետը, մենք խելահեղ պայքար ենք մղում, որպեսզի գոյատեւենք եւ հասնենք մյուս կողմը։ Սա դժոխային անցում է, դժոխային։ Սակայն մի քանի ամսից այս տարերային աղետը կվերջանա, եւ մարդկությունը կմտնի նոր դարաշրջան»։

70-ամյա գրողը բախվում է մռայլ հեռանկարների՝ Թուրքիայում, որտեղ քաղբանտարկյալները լեփ-լեցուն բանտերում նախկինի պես գտնվում են կորոնավիրուսով վարակման սպառնալիքի տակ։

Սակայն Ալթանը կարծում է, որ համավարակը ընդհանուր մարդկայնության զգացում կառաջացնի աշխարհի մարդկանց մեջ, ինչպես նաեւ ի ցույց կդնի ազգային պետության համակարգի տապալումը եւ ուղի կհարթի քաղաք-պետությունների առաջացման համար։

«Պետությունները խոչընդոտում են մարդկային առաջընթացին։ Համավարակը իշխանության հանդեպ անհագ ծարավի հետեւանքով նրանց ղեկավարների կոպիտ սխալների պատճառով դուրս է եկել վերահսկողությունից։ Ոչ այնքան հեռավոր ապագայում աշխարհը կդառնա քաղաք-պետությունների դաշնություն, քանի որ մենք կհասկանանք, որ չկա այլ ընտրություն։ Ազգերը, սահմանները եւ դրոշները ընդհանուր աղետների ժամանակ աշխատում են մարդկության բարօրության դեմ»,- գրում է նա։

Ալթանը ձերբակալվել է 2016-ի հուլիսին հեղաշրջման ձախողված փորձից հետո եւ մեղադրվել է հեղաշրջման փորձից առաջ հեռուստատեսային ելույթի ժամանակ խրախուսանքի «ենթագիտակցական հաղորդագրություններ» հղելու մեջ: Նա 2018թ․ դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն դատարանը անցյալ տարվա նոյեմբերին վճռել է ազատ արձակել նրան: Մեկ շաբաթ ազատությունից հետո նա կրկին ձերբակալվել է։