Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն է եւ որոշակի հարցեր է առաջացնում, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն։

Տիկարաձեի խոսքերով՝ վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել Հայաստանից գործընկերների հետ, որոշակի խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրներում համաճարակաբանական իրավիճակի հետ կապված։ Նրա խոսքերով՝ եթե հայ գործընկերոջ մոտ հարցեր են ծագել, նա կարող էր օգտագործել կապի այդ խողովակը եւ կստանար դրանց պատասխանը։ «Այդ պատճառով ի հայտ են գալիս որոշակի կասկածներ եւ հարցեր այն մասին, թե նման հայտարարության համար ինչ հիմք է ունեցել իմ գործընկերը»,- լրագրողներին ասել է Տիկարաձեն։

Կիրակի օրը, մայիսի 24-ին, Հայաստանի առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի խոսքերից հետո դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է փոխանցել պաշտոնական Թբիլիսիին:

ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին լրագրողներին հայտնել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունից զանգել են Երեւանում Վրաստանի դեսպանություն եւ նախարարի անունից ափսոսանք են հայտնել նրա հայտարարությունների համար, որոնք ոչ ճիշտ են մեկնաբանվել: