Հայաստանը քննարկում է Հունգարիային պատասխանատվության ենթարկելու հարցով ՄԻԵԴ-ի Մեծ պալատ դիմելու հարցը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հայ սպայի սպանության մասին գործով ՄԻԵԴ որոշմանը:

Նա հիշեցրեց, որ հայրենիք հանձնվելուց եւ այնտեղ հերոսի կոչում ստանալուց հետո մարդասպանն անպատիժ է մնացել: Այդ կապակցությամբ հայկական կողմը նախաձեռնել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործընթաց: Ցավոք, ինչպես նշեց իրավաբանը, Բուդապեշտում միջադեպը մնացել է մասնավոր հանցանքի մակարդակի վրա: Իրավաբանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումը բավարարում է, խախտումները հաստատվել են:

«Ցավոք, չի հաստատվել Հունգարիայի կողմից խախտումների փաստը: Մենք չենք բացառում, որ կդիմենք Մեծ պալատ՝ Հունգարիային պատասխանատվության եթարկելու համար: Հաստատվել է կյանքի իրավունքի խախտումը եւ էթնիկապես մոտիվացված գործողությունները: Դա պատմության մեջ առաջին որոշումն է, երբ միջազգային դատարանը հաստատում է Ադրբեջանի հակահայկական գործողությունները: Ինչպես նաեւ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի հանցագործը պատիժ կրի»,-ընդգծեց Սահակյանը:

Նա հաստատեց քաղաքական գործընթացների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապը: «Հուսով ենք՝ քաղաքական թիմը կկարողանա օգտվել այդ որոշման քաղաքական հետեւանքներից»,-նշեց նա:

Վերադառնալով Հունգարիայի գործողությունների հարցին՝ իրավաբանը նշեց, որ հենց Բուդապեշտի քայլերն են Ադրբեջանին թույլ տվել, որպեսզի մարդասպանն անպատիժ մնա: 

2004 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի կուրսեր են անցնում Բուդապեշտում, սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:

Սարսափելի հանցանքը տեղի ունեցավ Եվրոպայի կենտրոնում, որտեղ երկու սպաները անգլերենի կուրսեր էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:

Հունգարիայի իշխանությունները մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտեցին: Դատավճիռը ընթերցվեց 2006 թվականի ապրիլի 3-ին:

2008 թվականին այցով գտնվելով Երեւանում՝ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Քինգա Գյոնցը՝ պատասխանելով Ադրբեջան Սաֆարովի հնարավոր վերադարձի մասին հարցին, նշել էր, որ նման հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: «Ռամիլ Սաֆարովի արարքը Հունգարիայի հանրության համար շոկ եւ ցնցում էր: Նրա վերադարձի հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերվող հարցեր կան, դրանք լրջորեն կքննարկվեն: Ամենագլխավոր հարցն այն է՝ արդյոք նա Ադրբեջանում ցմահ ազատազրկման կդատապարտվի»,-ասել էր նախարարը:  Սակայն մի քանի տարի անց այդ երկրի իշխանությունները գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ. Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ նրան հերոսի կոչում շնորհեցին: Նույն օրը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: