Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխումը հնարավորություն կտա այնպես անել, որպեսզի տեղի հեղինակությունները կամ նրանց դրածոներն այլեւս չկարողանան պայքարել իշխանության համար: Այս մասին Ազգային ժողովի նիստին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ պայքարը քաղաքական եւ ավելի քաղաքակիրթ կդառնա: «Կուսակցություններն ավելի շահագրգռված կլինեն զարգացնել իրենց ներկայությունը ոչ միայն Երեւանում կամ Գյումրիում, այլ նաեւ՝ փոքր քաղաքներում եւ գյուղերում: Բացի այդ, կհեշտացվի նրանց մուտքն ավագանու խորհուրդներ. շեմը 5 տոկոսից 4 տոկոս կիջնի կուսակցությունների համար, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոսից մինչեւ 6 տոկոս:

Ընդ որում, պահանջ կսահմանվի, որպեսզի ավագանու խորհրդում ներկայացուցիչ լինի կոնկրետ համայնքի յուրաքանչյուր բնակավայրից: Բացի այդ, եթե համայնքի ղեկավարը ինչ-ինչ պատճառներով չի արդարացնում ավագանու վստահությունը, նրան կարող են հետ կանչել, իսկ նրա փոխարեն արդեն նոր ղեկավար ընտրել ավագանու կազմից: Այսպիսով, քաղաքապետերը, համայնքների ղեկավարները եւ ավագանու անդամներն ավելի հաշվետու կդառնան»,- պարզաբանեց Պապիկյանը: