Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հայտարարել է իր որոշումը  Ադրբեջանի դեմ հայց կապակցությամբ Բուդապեշտում քնած ժամանակ կացնով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի շրջանակներում: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Ըստ նրա՝ տարիներ անց արձանագրվեց, որ Ադրբեջանն իր սպայի ձեռքով ոչ միայն խախտել է մարդու իրավունքները: Ապացուցվեց նաեւ Բաքվի խտրական քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը գտնվում էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին մասնակցլեու համար, որտեղ եւ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Դատավարության ընթացքում Սաֆարովը նշել էր, որ նա կատարել է Հայաստանի եւ հայերի նկատմամբ ատելությամբ հիմնավորված հանցագործություն: Բուդապեշտի դատարանը նրան ցմահ բանտարկության էր դատապարտել: Սակայն 2012-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ նրան ներում շնորհվեց եւ հերոս ճանաչվեց: