Հնդիկ յոգը, որը պնդում էր, որ տասնամյակներ առանց սննդի եւ ջրի է ապրել, մահացել է 90 տարեկան հասակում, հայտնում է AFP-ը։

Պրահլադ Ջանին ծնունդով արեւմտյան Գուջարատ նահանգի Չարադա գյուղից էր, որտեղ նա անցկացրել էր կյանքը՝ զբաղվելով յոգայով: «Նա մահացել է երեքշաբթի վաղ առավոտյան իր նստավայրում՝ ծերության պատճառով,- ասել է հարեւանը,- Նրան կեսգիշերից հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը»:

Ջանիի մարմինը տեղափոխվել է Ամբաջի՝ քաղաք, որը հայտնի է իր տաճարներով։ Այստեղ նա կառուցել էր փոքրիկ աշրամ եւ հայտնի է որպես «Մատաջի»: Մարմինը առաջիկա երկու օրերին կպահվի աշրամում, որպեսզի մարդիկ հարգանքի վերջին տուրքը մատուցեն, որից հետո նրան կդիակիզեն։

Ջանին պնդում էր, որ երեխա ժամանակ օրհնվել է աստվածուհու կողմից, ինչը թույլ է տվել նրան գոյատեւել առանց ապրուստի միջոցների: 2003-ին նա AFP-ին պատմել էր, որ ստացել է «կյանքի հեղուկ, որը թույլ է տալիս իրեն ապրել առանց սննդի եւ ջրի»:

Սակայն չկար Ջանիի հայտարարությունները ստուգելու որեւէ միջոց: Այնուամենայնիվ, Ջանիի պնդումները գրավել են Հնդկաստանի բուժաշխատողների ուշադրությունը:

2010-ին ռազմական բժիշկների խումբը երկու շաբաթ զննել էր նրան Գուջարատի խոշորագույն Ահմեդաբադ հիվանդանոցում: Բժիշկները նկարել էին նրա օրգանները, գլխուղեղը եւ արյունատար անոթները, ինչպես նաեւ սրտի, թոքերի եւ հիշողության հետազոտություններ են անցկացրել: Նրանք ասել էին, որ նա չի ուտում, չի խմում եւ չի գնում զուգարան: «Մենք մինչ այժմ չգիտենք, թե ինչպես է նա գոյատեւում,- լրագրողներին ասել էր նյարդաբան Սուդհիր Շահը,- Դեռեւս առեղծված է, թե ինչ ֆենոմեն է սա»։

Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների հնդկական կազմակերպության ուսումասիրությունների արդյունքները երբեք չեն հրապարակվել եւ չեն ներկայացվել փորձագետներին։