Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կոռեկտ չի համարում Մարտի 1-ի գործի դատավարության վերաբերյալ գնահատականներ հնչեցնել։ Այս մասին ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահը։
«Ծայրահեղ ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին՝ թե արդյո՞ք Հայաստանի նախագահի պաշտոնում ունի որևէ նվիրական նպատակ, որին հասնելու դեպքում կհամարի, որ զուր չի աշխատել, Արմեն Սարգսյանն ասել է. «Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալը գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը։
Ես բազմաթիվ նվիրական նպատակներ ունեմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից և դրա հետևանքների վերացումից` մինչև տնտեսապես հզոր և տարածաշրջանում ու աշխարհում արժանապատիվ դիրք զբաղեցնող Հայաստանի ստեղծում։
Ես կուզեի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկը, որն աշխարհում առաջիններից կլինի արհեստական ինտելեկտի օգտագործման վրա հիմնված համակարգերի մշակման և ներդրման գործում։
Այդ ուղին, կարծում եմ, Հայաստանին թույլ կտա գտնել աշխարհում իր տեղը և ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել։ Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները»։