Սաուդյան Արաբիայի գաղտնի ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցը, որը երկար տարիներ ապահովել է թագավորության իշխանությունների կապերը բրիտանական MI6 եւ այլ արեւմտյան հետախուզությունների հետ, իր հարազատների հետ միասին դարձել է հետապնդման օբյեկտ, հաստատում են նախկին արեւմտյան գործակալները։

Սաադ Ջաբրին, ով ժամանակին օգնել էր բացահայտել Արեւմուտքի դեմ «Ալ Քաիդա»-ի դավադրությունը, երեք տարի առաջ փախել է երկրից։ Այդպես նրան հաջողվել է խուսափել ուժային կառույցների հետապնդումներից, որոնք ղեկավարվում էին թագաժառանգ արքայազն Մոհամմադ Բին Սալմանի կողմից։ Սակայն նրա երեխաները Սաուդյան Արաբիայում դարձել են ռեժիմի պատանդներ, հայտնել է նրա ավագ որդի Ջաբրի Խալիդը, տեղեկացնում է BBC-ն։

«Օմարն ու Սառան մարտի 16-ի լուսաբացին առեւանգվել են տնից։ Հատուկ ծառայությունների 50 գործակալներ եկել են 20 ավտոմեքենաներով եւ ներխուժել տուն, երբ նրանք դեռ քնած են եղել»,- պատմել է Խալիդը։

Էր Ռիադում գտնվող ընտանեկան առանձնատանը խուզարկություն է իրականացվել, հիշողության քարտերը հանվել են տեսախցիկներից, ու 21-ամյա Օմար ոււ 20-ամյա Սառա Ջաբրիները ձերբակալվել եւ ամբողջովին մեկուսացվել են՝ առանց նամակագրության եւ տեղեկությունների իրավունքի:

Նրանց դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալության պատճառը ընտանիքին չի բացատրվել:

Ջաբրիի ավագ որդին կարծում է, որ Օմարը եւ Սառան պահվում են որպես հաղթաթուղթ իրենց հոր դեմ խաղում՝ փորձելով նրան այս կերպ բերել Սաուդյան Արաբիա: Փախստական սպան համոզված է, որ հայրենիքում իրեն անհապաղ ձերբակալություն եւ երկարատեւ ազատազրկում է սպառնում։

Երկար տարիներ Ջաբրին եղել է Մոհամմադ բին Նայեֆ արքայազնի աջ ձեռքը, ով «2000-ականների սկզբին «հաղթեց «Ալ Քաիդա»-ին» Սաուդյան Արաբիայում»։ Ջաբրին նաեւ առանցքային օղակ էր սաուդյան հետախուզության եւ հետախուզական ծառայությունների «մեծ հնգյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա) միջեւ:

Ըստ արեւմտյան հետախուզության աղբյուրի, 2010 թվականին Սաադ Ջաբրիի շնորհիվ փրկվել են հարյուրավոր մարդիկ: «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի գործակալները կարողացել են հզոր ռումբ տեղափոխել Եմենից Չիկագո ուղեւորվող բեռնատար ինքնաթիռով: Պայթուցիկ սարքերը թաքցրած են եղել տպիչների համար քարթրիջներում: Սաուդցիները «Ալ Քաիդա»-ում ունեին իրենց տեղեկատուն, որը ոչ միայն MI6-ին տեղեկություններ էր տալիս պայթուցիկ նյութերի մասին, այլ նույնիսկ նշում էր այն քարթրիջների սերիական համարները, որոնցում պետք է փնտրվեր:

Բրիտանական հակաահաբեկչական ստորաբաժանումը հայտնաբերել եւ չեզոքացրել էր ռումբը, երբ ինքնաթիռը միջանկյալ վայրէջք էր կատարել Անգլիայի Իսթ Միդլանդ օդանավակայանում: «Եթե, ինչպես եւ ծրագրված էր, Չիկագոյի երկնքում ինքնաթիռը պայթեր, հարյուրավոր մարդիկ կզոհվեին»,- ասում է աղբյուրը: «Դոկտոր Ջաբրին վերափոխել է Սաուդյան Արաբիայի հակաահաբեկչական քաղաքականությունը»,- ասում է մեկ այլ աղբյուր՝ արեւմտյան հետախուզական ծառայության պաշտոնաթող աշխատակիցը:

«Բռնության դաժան մեքենայից, որը կարողանում էր միայն խոշտանգումների միջոցով խոստովանություններ կորզել, սաուդյան հակահետախուզությունը դարձել է ժամանակակից բարձր տեխնոլոգիաների համակարգ, որտեղ նրանք կարող են անցկացնել գենետիկական հետազոտություններ եւ տիրապետել համակարգչային հետախուզության մեթոդներին»,- ասում է նա: «Ջաբրին ամենախելացին էր սաուդցի բոլոր աշխատակիցներից, որոնց հետ գործ ենք ունեցել: Մնացած բոլորը անհույս էին»:

Էդինբուրգի համալսարանի արհեստական բանականության ոլորտի դոկտորի աստիճան ունեցող ակնոցով հանգիստ մարդը հասել էր բարձունքների սաուդյան կառավարությունում։ Նա ուներ նախարարի եւ ներքին գործերի գեներալ-մայորի կոչում:

Սակայն 2015-ին ամեն ինչ փոխվեց: Աբդուլլահ թագավորը մահացավ, եւ գահ բարձրացավ նրա արյունակից եղբայր Սալմանը: Կառավարության գործերում իր անփորձ որդուն՝ Մոհամմադ բին Սալմանին (որին հաճախ անվանում են պարզապես ՄԲՍ) նոր միապետը անմիջապես նշանակեց պաշտպանության նախարար:

ՄԲՍ-ն հրամայեց ներխուժել Եմեն: Ջաբրին, ինչպես կառավարությունում շատերը, դեմ էին Ռիադի ներգրավմանը հարեւան երկրի քաղաքացիական պատերազմում. Այնտեղ մնալով՝ սաուդցիները չէին կարողանա դուրս գալ հակամարտությունից, նախազգուշացնում էին գեներալները: Իսկապես, այժմ, հինգ տարի անց, Սաուդյան Արաբիան դեռ միլիոններ է ծախսում Եմենում ռազմական գործողությունների վրա՝ առանց դրան վերջ տալու որեւէ հեռանկարի:

2017-ին ՄԲՍ-ն իր հոր օրհնությամբ արյունոտ պալատական հեղաշրջում կատարեց։ Նա տապալեց գահաժառանգ արքայազն Մոհամմադ բեն Նայեֆին եւ յուրացրեց իշխանությունը՝ իրեն հռչակելով գահաժառանգ:

Սաադ Ջաբրին փախել է Կանադա: Սակայն, ըստ երեւույթին, Մոհամմադ բեն Սալմանը դեռ նրան համարում է սպառնալիք իր իշխանությանը: «Նա չի կարող թույլ տալ, որ Ջաբրին մնա ազատության մեջ եւ իր կողմը ձգի դժգոհներին»,- կարծում է արեւմտյան նախկին գործակալներից մեկը:

Ջաբրիի ընտանիքը փորձել է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ չեզոք տարածքում, սակայն անօգուտ: Այժմ նրանք որոշել են ամեն ինչ պատմել մամուլին: