Լուրջ վերաբերվեք կորոնավիրուսին, այն իսկապես կա, գոյություն ունի։ Այս մասին այսօր`մայիսի 26-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է օգտատեր Համլետ Խնկոյանը, որը նույնպես վարակվել է կորոնավիրուսով:

«Չէի մտածում, որ այս թեմայով ուղիղ եթեր կմտնեմ ու կփորձեմ խոսել այս մասին, բայց ընկերներիցս շատ-շատերն իրենց մեկնաբանություններում ասում են, թե կորոնավիրուս չկա, սակայն այսօր ես ուղիղ եթերով ուզում եմ փաստել, որ այն գոյություն ունի: Անձամբ ինձ մոտ հայտնաբերել են դա»,- ասել է  օգտատերը:

Համլետ Խնկոյանը նշել է, որ այս պահին իրեն լավ է զգում, քանի որ ինքն ավելի վաղ է սկսել հետեւել իրեն, հետազոտվել, որի արդյունքում էլ հայտնաբերվել է վարակը, որ  նաև երկկողմանի թոքաբորբ ունի, ինչից հետո սկսել է բուժվել` կանխելով վիճակի վատթարացումը:

«Պատասխանն ստանալուց հետո, հենց այդ օրը երեկոյան սկսել եմ բուժել այդ թոքաբորբը, այդ իսկ պատճառով էլ ունեմ դրական տեղաշարժ: Հիմա գտնվում եմ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, կհարցնեք, թե ինչո՞ւ եմ այստեղ:

Պատկերացրեք` Երևանի ոչ մի հիվանդանոցում տեղ գոյություն չունի, նույնիսկ այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոց չեն բերում, այլ ուղարկում են տուն` տանը բուժվելու, ինչպես օրինակ կնոջս դեպքում: Իմ տվյալներով՝ պետությունն ինքը պետք է կորոնավիրուս ունեցող անձանց հետազոտի, հասկանալու համար, արդյո՞ք նրա մոտ առկա է թոքաբորբ, թե ոչ, սակայն ոչ բոլոր դեպքերում է պետությունը հետևողական այդ խնդրով, ինչպես կնոջս դեպքում, որի մոտ երեկ հայտնաբերեցին կորոնավիրուսի վարակ, սակայն մենք մեր միջոցներով ենք նրան հետազոտել, իմանալու համար՝ նրա մոտ ևս առկա՞ է թոքաբորբ։ Փառք Աստծո, որ նա թոքաբորբ չուներ»:

Համլետ Խնկոյանը կոչ է արել բոլոր հայրենակիցներին, որ հետևողական լինեն․

«Քանի որ մեր պետությունը չի տիրապետում իրավիճակին, մենք ինքներս պետք է ամենայն լրջությամբ կարողանանք պաշտպանել մեզ այդ հիվանդությունից»:

Օգտատերը նշել է նաև, որ Վանաձորում վերաբերմունքը բավականին լավ է․

«Հետևողական են և ուշադիր բոլոր հիվանդներիս հանդեպ, սնունդը, հիգիենիկ պայմանները ևս լավ են: Վանաձորում ավելի լավ են նայում հիվանդներին, քան Երևանում», ասել է Համլետ Խնկոյանը, կարծիք հայտնելով, որ դրա միակ պատճառն այն է, որ Երևանում շատ ավելի մեծ թվով հիվանդներ կան: