Toyota ընկերությունը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ճապոնական ապրանքանիշի արտադրած մեքենաների Հայաստան առաքումների մեկնարկի մասին: Այսպիսով, այս երկիրը դարձել է երրորդ շուկան, որտեղ տեղափոխվում են ռուսական արտադրության Toyota ավտոմեքենաները, հայտնում է Autonews-ը:

Մինչեւ 2020 թվականի վերջը Հայաստան կարտահանվի 450 Toyota RAV4 քրոսովեր եւ Camry սեդան: Արտադրողի երկիր փոխելը տեղական շուկայում մեքենաների արժեքը կնվազեցնի մոտ 10%-ով:

Բացի այդ, ճապոնական ավտոարտադրողի ռուսական ստորաբաժանումը կդառնա Հայաստանում Toyota եւ Lexus ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Բացի Ռուսաստանում հավաքվող մոդելներից, շուկայում կներկայացվեն նորացված Toyota Corolla-ն, C-HR քրոսովերները, ինչպես նաեւ Land Cruiser 20 եւ Land Cruiser Prado ամենագնացները: Lexus-ի շարքում կներկայացվեն ES, LS, LC մոդելները, UX, NX եւ RX քրոսովերները, ինչպես նաեւ GX եւ LX ամենագնացները:

2010թ․ Toyota ընկերությունը սկսել է ռուսական արտադրության մեքենաներ մատակարարել Բելառուսին, իսկ երկու տարի անց նրանք սկսել են ավտոմեքենաներ արտահանել Ղազախստան: 2019-ին այդ շուկաներ են ուղարկվել 8863 Camry եւ RAV4՝ ընդհանուր արտադրության ծավալի մոտ 12%-ը: