Հոնկոնգի ոստիկանությունը անօրինական ցույցերի 180 մասնակցի է ձերբակալել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնական շրջաններում:

Իրավապահների խոսքով՝ ցույցը ցրելու նվազագույն ուժ է կիրառվել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ցուցարարները բողոքում են ՉԺՀ պետական օրհներգի մասին օրինագծի վերանայման դեմ:

Օրենսդրական ժողովը չորեքշաբթի պետք է քննարկի օրինագիծը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ՉԺՀ օրհներգի՝ «Կամավորների երթի» անհամաչափ կիրառման եւ վիրավորման համար: Օրինագծի տեքստի համաձայն՝ խախտողները կարող են մինչեւ 3 տարվա ազատազրկման դատապարտվել եւ վճարել մինչեւ 6,4 հազար դոլարի չափով տուգանք:

Երեքշաբթի հակակառավարական ակտիվիստները սկսել են սոցցանցերում նիստի անցկացումը խոչընդոտելու, ինչպես նաեւ քաղաքում երթեւեկությունը կաթվածահար անելու կոչեր անել: Իրավիճակի սրման ֆոնին այսօր առավոտյան ուժեղացվել են անվտանգության միջոցառումները հատկապես օրենսդրական ժողովի շենքի առջեւ:    

Չնայած նրան, որ այսօր առավոտյան իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, ոստիկանությունը «պղպեղային» գնդակներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: