Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը որեւէ միջազգային պարտավորություն Ադրբեջանի նկատմամբ չի ենթադրում: Այս մասին հայտարարել է Միլի Մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ադիլ Ալիեւը, հայտնում է Trend-ը:
Նա շեշտել է, որ «ռամիլ սաֆարովն Ադրբեջանի արժանի որդին է, իսկ մեր ցանացած հայրենակիցներից կպատժեր նրան, ով վիրավորել է Ադրբեջանի դրոշը»:

Հենց «աֆեկտով» եւ «վիրավորանքով» էր սաֆարովը փորձում բացատրել իր գործողությունները դատավարության ընթացքում: Սակայն, հունգարացի քննիչները չեն գտել ոչ մի հաստատում կամ նույնիսկ չնչին ապացույց նման պնդումների օգտին: «Վիրավորված» սաֆարովի զոհը քնած էր դաժան սպանության պահին: Ինքը՝ սաֆարովը, ինչպես բազմիցս նշվել է, վերապատրաստում էր անցնում Թուրքիայի հատուկ ստորաբաժանումում: Թվում է, որ ՆԱՏՕ-ի երկիրը վերապատրաստումների չի վերցնում անկայուն հոգեբանությամբ կադրերի:

2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներ էր անցնում  Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Հրեշավոր հանցագործությունը տեղի էր ունեցել Եվրոպայի կենտրոնում, որտեղ երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Կացնահարելով քնած Գուրգեն Մարգարյանին՝ Սաֆարովը փորձել էր հաշվեհարդար տեսնել նաեւ երկրորդ հայ սպա Հայկ Մակուչյանի հետ: Բարեբախտաբար, նրա սենյակի դուռը կողպված էր: Մինչ Սաֆարովը, «աֆեկտի վիճակում» փորձում էր բացել դուռը, հայ սպային օգնության էին շտապել դասընթացի մյուս մասնակիցները:

Կատարվածից ցնցված Հունգարիայի իշխանությունները մարդասպանին ցմահ բանտարկության էին դատապարտել՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Դատավճիռն ընթերցվել էր 2006 թվականի ապրիլի 3-ին: Այն, որ Սաֆարովը 30 տարվա ընթացքում զրկվել էր ներման իրավունքից, ակնհայտորեն ցույց է տալիս երկրի այդ ժամանակվա իշխանությունների վերաբերմունքը հանցագործության նկատմամբ: Դատարանում Սաֆարովը փոխել էր իր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարություններից՝ հիմնավորելով դա նրանով, որ լավ չի տիրապետում ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

«Գուրգենն ասել էր, որ ինքը Հայաստանից է, ինչին Սաֆարովը պատասխանել էր՝ «մենք եղբայրներ ենք, ուրախ եմ»: Քանի որ նրանք տարբեր խմբերում էին, շփում չկար, ընդամենը երկու անգամ նույն ավտոբուսում էին հայտնվել էքսկուրսիա գնալիս: Քանի որ հանրակացարանը տղամարդկանց համար էր, տղաները սովորաբար չէին փակում դռները: Այդ օրը բոլորը ֆուտբոլ էին նայում այլ սենյակում եւ ուշ  էին վերադարձել: Գուրգենն ապրում էր հունգարացի մի տղայի հետ, իսկ Հայկ Մակուչյանը՝ լիտվացու հետ: Նրանց տարբեր սենյակներում էին բաշխել, որպեսզի անգլերեն լեզվի պրակտիկան ավելի ամբողջական լիներ: Ժամը 5-ի սահմաններում Սաֆարովը ներխուժել էր Գուրգենի սենյակ եւ կացնի 16  հարվածով դաժանորեն սպանել էր քնած տղային: Ինչպես հետաքննությունն ապացուցել էր, կացինը նախապես էր գնվել եւ սրվել: Զարմանալի է, որ նրան հաջողվել էր մտցնել հանրակացարան՝ չնայած տեղադրված մետաղական դետեկտորներին:

Այս դրվագն այդպես էլ չէր պարզվել: Համենայնդեպս, պարզ է, որ ամեն ինչ նախապատրաստված էր, որ խոսք չեր կարող լինել ոչ մի աֆեկտի մասին, չնայած ադրբեջանական կողմը փորձել է դա ապացուցել»,- գործի նյութերից հայտնեց փաստաբան Նազելի Վարդանյանը: - Գործում կա կացինն ու հեսանը գնելու անդորագիրը: Հետո նա սպասել է լուսաբացին: Առաջին հարցաքննության ժամանակ նա պարզաբանել է, որ սպանությունը լուաբացին է կատարել, որովհետեւ այդ ժամին է ամենաամուր քունը լինում: Նա, ըստ երեւույթին, Գուրգենից ամեն դեպքում վախեցել է, որն ամուր, ուժեղ տղա էր: Ցուցմունքներից մեկում Սաֆարովը հայտարարել է, որ Գուրգենին հետեւել է մարզադահլիճում: Սաֆարովը, հավանաբար, մտածել է, թե ինչո՞ւ հայը կարող է այդքան գեղեցիկ լինել: Խանդն ու չարությունը նախապես են եղել, իսկ իրագործված հանցագոծության պատճառը հայ ազգի հանդեպ ատելությունն է»:

2008 թվականին այցով գտնվելով Երեւանում՝ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Քինգա Գյոնցը՝ պատասխանելով այս տողերի հեղինակի՝ Ադրբեջան Սաֆարովի հնարավոր վերադարձի մասին հարցին, նշել էր, որ նման հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: «Ռամիլ Սաֆարովի արարքը Հունգարիայի հանրության համար շոկ եւ ցնցում էր: Նրա վերադարձի հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը լրջորեն կքննարկվեն: Ամենագլխավոր հարցն այն է՝ արդյոք նա Ադրբեջանում ցմահ ազատազրկման կդատապարտվի՞»,- ասել էր նախարարը: 

Սակայն մի քանի տարի անց այդ երկրի իշխանությունները գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ. Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ նրան հերոսի կոչում շնորհեցին: Նույն օրը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: 

Տարիներ անց ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել՝ արձանագրելով Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտում: Ադրբեջանում շտապել են հայտարարել որոշումը չկատարելու մասին, չնայած Բաքվի համար իր միջազգային պարտավորությունների հանդեպ նման վերաբերմունքը նորություն չէ: Հանցագործի շարունակվող հերոսացումը, շարունակվող հայատյացությունը, ստոր հանցագործության հանդեպ անբարոյական վերաբերմունքի դրսեւորումը վերջնականապես պատռում են այդ երկրի ղեկավարության դիմակը: Իսկ անհեթեթ տնտեսական շահերով թելադրված Հունգարիայի խաղերը Ադրբեջանի հետ, ավաղ, պատիվ չեն բերում այդ երկրին եւ չեն բարձրացնում նրա հեղինակությունը: