Ես Արմեն Բիլյանին կրակելուց չեմ տեսել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ գլխավոր ցուցմունք տված և գնդից դուրս գալուց հետո ազատ արձակված Էդգար Սողոմոնյանը։

«Ես, որ մեքենայից իջել եմ էլ Արմեն Բիլյանին չեմ տեսել։ Այդ պահին շոկային վիճակ է եղել, չեմ կարող հիշել, թե ոնց է եղել, բայց մեքենայից իջնելուց հետո կողքերս չեմ նայել, թե ով ուր է գնացել։ Արմեն Բիլյանին չեմ տեսել զենքով, չեմ տեսել կրակելուց։ Ես ունեցել եմ նաեւ տեսողական խնդիր, քանի որ մութ է եղել, չէի կարող նկատել, ինչ որ մեկին, ում ես չեմ ճանաչում։ Ցուցմունքներում նշվել է այնպես, ինչպես քննչական ծառայությունում են ցանկացել, որ  նկարագրվի։ Ես ոչ ծառայել եմ, ոչ զենքերից գաղափար ունեմ, որ կարողանամ դա բացատրել։ Դա իմ բառերը չեն, հրաժարվում եմ իմ բոլոր ցուցմունքներից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Սողոմոնյանն իր նախաձեռնությամբ է ցանկացել դատարանում կրկին հարցաքննվել: