Գուլակյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ պետական սահմանից 12 կմ հեռավորության վրա: Բարեկարգ տուն ունենալը նրանց համար ոչ թե հարմարավետության, այլ անվտանգության խնդիր է: Ավելի քան ինը տասնամյակ առաջ կառուցված շինությունն ամուր հիմքեր ու պատեր ունի, սակայն կա տանիքի փլուզման վտանգ: Երկու տարի առաջ, գարնանային հորդառատ անձրևներից պոկվել է խոհանոցի առաստաղն ու լուրջ մտահոգվելու առիթ տվել:

«Տանիքում մեծ քանակությամբ հող կար կուտակած. ժամանակին այդպես են կառուցել: Տարիների ընթացքում, հողը խոնավությունից ծանրացել էր: Մի օր էլ առաստաղը պոկվեց և ամբողջ հողը ներքև թափվեց: Հիմա նույն վտանգը սենյակներից մեկում էլ կա: Անհանգստանում ենք: Այդ մասում որևէ գործ չենք ձեռնարկում, որովհետև տանիքն ամբողջությամբ կառուցելու անհրաժեշտություն ունի»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Զարինեն:

Տանտերը՝ զինվորական Հարությունը, երեք դուստրերի և կնոջ հետ, արդեն 17 տարի ապրում է հորաքրոջ տանը: Աշխատանքի բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքին և լուրջ տագնապ է ապրում մինչև իր վերադարձը: Երիտասարդ տանտերը բացակայում էր նաև նկարահանման պահին:

Տանիքը կրկին կարող է փլուզվել, սակայն Հարությունը գտել է վտանգը կանխելու ճանապարհը: Խնդիրը ներկայացվել է բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպություններին: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ տանիքը կկառուցվի: Հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք կազատվի տարիների խնդրից: Տանտիրուհին՝ Զարինեն, վստահեցնում է, որ թև ու թիկունք է լինելու ամուսնուն: Իսկ մինչև նպատակի իրականացումը, զբաղվում է դուստրերի կրթությամբ՝ ինքն էլ հետ չմնալով նրանցից: Այժմ նա հեռակա բարձրագույն կրթություն է ստանում՝ նաև օրինակ ծառայելով աղջիկներին: