ՀՀ կառավարությունը կաշխատի աջակցել ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներին: Այս մասին մայիսի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ այդ աշխատակիցներից շատերին դժվար է օգնել, քանի որ նրանք պաշտոնապես գրանցված չեն եւ նույնիսկ աշխավարձ չեն ստանում՝ բավարարվելով թեյավճարներով:

«Այս դեպքում նրանց դժվար է իդենտիֆիկացնել, եւ նրանք ոչ թե հասցեական, այլ համընդհանուր աջակցություն են ստանում՝ գործազուրկներին օգնության եւ կոմունալ վճարների տեսքով»,- հավելեց փոխվարչապետը:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Գրիգորյանը, ՀՀ կառավարությունը փորձելու է ինդենտիֆիկացնել այդ մարդկանց եւ նրանց համար նպատակային օգնության ծրագրեր մշակելու ուղիներ գտնել: