Ես ոչ մի առաջընթաց չեմ տեսնում կոնկրետ տրանսպորտի ոլորտում. ես այսօր հարց չունեմ, առաջարկ ունեմ. առաջարկում եմ, որպեսզի դուք ձեր դիրքորոշումը վերանայեք այս ոլորտի  նկատմամբ եւ այս ցաքուցրիվ եղած ոլորտը փորձեք համախմբել մեկ տեղ. ստեղծեք նոր տրանսպորտային կոմիտե: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը:

«Ես փորձեմ ձեզ համոզել, որ մոտակա 1 տարին էլ, 5 տարին էլ նման կառուցվածքով ոչ մի արդյունք չենք ստանալու: Այսօր թե օդը, թե ցամաքը, թե ջուրը, բոլորը պետք է հայտնվեն մեկ տեղում: Հավաստիացնում եմ, որ առաջիկա մեկ տարում կունենանք արդյունքներ»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանում մի մոլորություն կա, որ որեւէ հարց լուծելու համար պետք է այդ հարցով նախարարություն ստեղծել: Էդպես որ գնանք, նախարարությունների թիվը պետք է 5 անգամ շատ լինի: Բայց նախարարությունների թիվն ավելանում է ոչ թե հարց լուծելու, այլ քաղաքական կոնյուկտուրայի կոնտեքստում:

Իհարկե, տրանսպորտի ոլորտում խնդիրներ կան եւ մենք ունենք պատկերացում դրանք լուծելու վերաբերյալ: Ես չէի ասի, որ տրանսպորտի ոլորտում խնդիր չի լուծվել: Լուծվել է մի շաատ մեծ խնդիր, որը տասնամյակներով չէր լուծվել: Դա այն է, որ մեր քաղաքացիները գոնե կորոնավիրուսից առաջ 50-60-70 եվրոյով թռչում են Եվրոպա, հետ են գալիս:

Երեւանում մենք հիմա ավտոբուսների պարկի թարմացման պրոցես ենք սկսում: Մենք խնդիր ունենք նաեւ մարզային տրանսպորտի հարցը լուծելու հետ: Դուք էլի եք խոսել տրանսպորտի խնդրի մասին եւ շեշտադրումներ եք արել, որոնց հետ ես համաձայն եմ, բայց այդ հարցը մի կողմ չունի: Այսօր մենք պետք է հաշվի առնենք, որ 20 հազար քաղաքացիներ իրենց ընտանիքը պահում են տաքսի վարելով: Երբ որ մենք տրանսպորտի ոլորտը այնպես համակարգենք, որ ամեն ինչ «հավսար-զգաստ» վիճակում լինի, պետք է նաեւ դրա սոցիալական էֆեկտները կարողանանք լուծել: Մենք համաճարակից առաջ կարծում էինք, որ արդեն մոտեցել ենք այդ եզրին, որ պետք է այդ ձեւով լուծենք, բայց հիմա պետք է հասկանանք իրավիճակը: Երբ վերադառնանք, իսկ ես կարծում եմ, որ մյուս տարի կվերադառնանք 2019 թվականի տնտեսական աճի տեմպին, ձեր ասածը մենք կանենք:

Բայց այստեղ էլ են շահարկումներ գալիս, որ մոնոպոլիաներ եք ստեղծում: Բայց մենք ասում ենք, որ մեր քաղաքացիները պետք է քաղաքակիրթ տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենան: Տրանսպորտի նախարարություն իրականում կա եւ շատ լավ ծրագիր են մշակել, որ երթուղիները մրցույթի դրվեն ոչ թե ուղղություններով, այլ ամբողջ մարզով, որովհետեւ շահավետ երթուղիներում մրցույթի շատ մասնակիցներ ունենք, իսկ գյուղեր կան, որի երթուղների մրցույթներին ոչ ոք չի մասնակցում: Դրա համար գաղափար կա, որ միասնական դրվի մրցույթի, որ շահութաբեր երթուղիների հաշվին սապասարկեն նաեւ ոչ շահութաբեր երթուղիները»:

Վարչապետը խոստացավ պատգամավոր ներկայացրած առաջարկներին շատ ուշադիր ծանոթանալ. «Բայց գերատեսչություևն ստեղծելու առումով, եկեք չանենք տենց բան, որովհեւտեւ դրանով մենք այդ պաշտոնյաների տրանսպորտի հարցն ա լուծվում՝ ծառայողական մեքենա եւ այլն»: