Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը կրճատվել է գրեթե մինչեւ 8600 մարդ, ինչը նշանակում է, որ զգալիորեն առաջ են անցել ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ժամանակացույցից, որը համաձայնեցվել էր «Թալիբան»-ի գրոհայինների հետ, սա մասամբ պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետ կապված մտահոգություններով, հայտարարել են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Թալիբների եւ Միացյալ Նահանգների միջեւ փետրվարի 29-ին կնքված համաձայնագրի հիմնական դրույթը նախատեսում էր Աֆղանստանում մինչեւ հուլիսի կեսը իր զորամիավորումը 13000-ից մինչեւ 8600 նվազեցնելու ԱՄՆ-ի պարտավորություն, իսկ եթե պայմանները թույլ տան, այն ամբողջությամբ դուրս կբերվի մինչեւ 2021թ․ մայիս:

Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով երկու բարձրաստիճան աղբյուրների, զորքերը 8600-ի հասցնելու նպատակը կիրականացվի մինչեւ հունիսի սկիզբը։