Էջմիածնի քաղաքապետի տեղակալն ու խոսնակը վիրավորել են «Հրապարակ» օրաթերթի լրագրողին։ Այս մասին տեղեկանում ենք«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը դիմել է լրագրող Կորյուն Սիմոնյանը՝ նշելով, որ իր գրած հոդվածից հետո, Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանն ու քաղաքապետ Դիանա Գասպարյանի խոսնակ Մարիամ Պողոսյանն իր հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պաշտոնյաններին չանցնել բարեկրթության սահմանները, չվիրավորել լրագրողներին, ու հարգել նրանց մասնագիտական աշխատանքը։

Պաշտոնյաների նման վարքագիծն անընդունելի է ու դեմ է խոսքի ազատությանը, ինչը սահմանադրությամբ ամրագրված նորմ է։ Հորդորում ենք պատասխանատու մարմիններին բացատրական աշխատանք տանել վերը նշված պաշտոնյաների հետ»,- ասված է էջում արված գրառման մեջ։