Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հերքել է կորոնավիրուսով իր վարակվելը։ Նա հայտարարել է, որ բացարձակ առողջ է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Եթե նույնիսկ ես հիվանդացել եմ, աշխարհում միլիոնավոր մարդիկ են վարակված կորոնավիրուսով, տասնյակ հազարավորները մահացել են, ես, ինչ է, մարդ չե՞մ։ Իրավունք չունե՞մ հիվանդանալու։ Իրավունք չունե՞մ կաթիլային միացնել եւ բարձրացնել իմունիտետս։ Ես բացարձակ առողջ մարդ եմ»,- իր օգնական, «Գրոզնի» պետական հեռուստաընկերության տնօրեն Ահմեդ Դուդաեւի Instagram-ի եթերում հայտարարել է Կադիրովը։

Մայիսի 21-ին լուրեր էին տարածվել, որ Կադիրովը, հնարավոր է, վարակվել է կորոնավիրուսով: ԶԼՄ-ների տվյալներով՝ հանրապետության ղեկավարը բժիշկների հսկողության տակ էր գտնվում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նշվում էր, որ նրա թոքերի 70 տոկոսն ախտահարվել է: Չեչնիայում նման հայտարարությունները հերքում էին եւ հայտնում էին, որ Կադիրովը հանրապետությունում է, եւ որ նրա առողջության հետ ամեն ինչ կարգին է: Մի քանի օր անց նա հայտնվեց հանրության շրջանում։