Ամստերդամի կենտրոնը պետք է ազատվի սեքս արդյունաբերության օբյեկտներից, իսկ թեթեւ թմրանյութերի վաճառքը քաղաքում պետք է թույլատրվի միայն թագավորության քաղաքացիներին: Նման պահանջներով, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, հանդես է եկել քաղաքի բնակիչների շահերը ներկայացնող կազմակերպությունների միավորումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մոտ ժամանակներս, ըստ ավելի վաղ արված հայտարարությունների, Նիդեռլանդների մայրաքաղաքի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը պետք է հրապարակի քաղաքում զբոսաշրջության զարգացման իր տեսլականը: Նշված պահանջների նախաձեռնողները որոշել են առաջ անցնել եւ ներկայացրել են իրենց առաջարկներն այս կապակցությամբ: «Կորոնավիրուսի համավարակը հստակ ցույց տվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ամստերդամի կենտրոնը վերածվել է զվարճանքի զբոսայգու»,- նշվում է ակտիվիստների ներկայացված ուղերձում:

«Միայն հիմա ենք մենք գիտակցում, թե որքան շատ բան ենք մենք ստիպված եղել զոհաբերել էժանագին տուրիզմի եւ սեքս ինդուստրիայի օգտին»,- մեջբերում է DutchNews-ը քաղաքացիներից մեկին:- Պարզվում է, որ քաղաքի այդքան գեղեցիկ հատվածն է: Ես կցանկանայի կրկին բնակություն հաստատել այստեղ, եթե նա միշտ մնար այնպիսին, ինպիսին հիմա է»:

Պահանջների հեղինակները նշել են քաղաքացիների, ընկերությունների եւ հյուրերի շահերի միջեւ հավասարակշռության վերականգնման անհրաժեշտությունը: «Բացառապես զբոսաշրջության վրա կենտրոնանալը քաղաքային տնտեսությունը խոցելի է դարձնում, շատ ցածր վարձատրվող աշխատատեղեր է ստեղծում՝ զբաղվածության պահպանման ցածր երաշխիքով»,- նշվում է հայտարարության մեջ: