ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մայիսի 28-ին երկրում գործադիր հրամանագիր ստորագրել սոցիալական ցանցերի գործունեության կարգավորման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Ըստ դրա աղբյուրների՝ այս հրամանագիրը «կոչված է դրդել դաշնային կարգավորողներին վերաիմաստավորել» հաղորդակցության էթիկայի մասին օրենքի 230-րդ կետը: Հրապարակման համաձայն՝ այս օրենքը զգալիորեն ազատում է տեխնոլոգիական ընկերություններին պատասխանատվությունից օգտատերեի կողմից թողած մեկնաբանությունների, տեսանյութերի եւ այլ քոնթենթի համար:

Չորեքշաբթի Թրամփը հրապարակավ սպառնացել էր ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի գործունեության ավելի կոշտ կարգավորման անցնել, եթե նրանք շարունակեն «խեղդել պահպանողականների ձայները»: Նա այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ Twitter-ում իր գրառումներից մեկը նշվել էր հատուկ նշանով, որն ընթերցողներին նախազգուշացնում է այն մասին, որ գրառման մեջ պարունակվող տեղեկատվությունը կարող է կեղծ լինել եւ լրացուցիչ ստուգում է պահանջում:

Այսպիսով սոցիալական ցանցն արձագանքել էր նախագահի հայտարարություններին այն մասին, որ դեմոկրատները, փոստով քվեաթերթիկներ ուղարկելով  մի քանի նահանգի բնակիչներին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկության համար, փորձում են պայմաններ ստեղծել խարդախությունների համար:

Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ հրամանագրի սեւագիր տարբերակը ենթադրում է, որ սոցիալական ցանցերի քաղաքական կողմնակալության վերաբերյալ բողոքները կքննի Առեւտրի դաշնային հանձնաժողովը: Հրամանագրում նաեւ դրույթ կպարունակվի  դաշնային գերատեսչությունների կողմից սոցիալական ցանցերում գովազդի ծախսերի վերանայման անհրաժեշտության մասին:

Մայիսի 23-ին Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կբացահայտի նյութերի չհիմնավորված արգելափակման դեպքերը՝ ի օգուտ սոցցանցերում ավանդական արժեքների պահպանման: Ըստ դրա աղբյուրների՝ դա պայմանավորված է նրանով, որ Սպիտակ տանն անհանգստացած են տեխնոլոգիական ընկերությունների «ձախ ուղղվածության» պատճառով: