Xiaomi-ն սկսել է 6G ցանցի նախնական փորձարկումները: Այս մասին չինական Xinhua լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը:

Ցզյունի խոսքով՝ սմարթֆոնների եւ կենցաղային տեխնիկայի արտադրողը հետաքրքրված է նոր սերնդի կապի ստանդարտի յուրացմամբ: Գործարարը չի բացահայտել մանրամասն տեղեկությունները իրականացված փորձարկումների վերաբերյալ, սակայն նշել է, որ Xiaomi-ում մեկնարկել են 6G ցանցերի ուսումնասիրությունները: Լեյ Ցզյունը նաեւ շեշտել է, որ վեցերորդ սերնդի կապի ստանդարտի մշակումը հնարավոր չէ առանց լայնածավալ արբանյակային ինտերնետ ցանցի զարգացման:

5G-ի քննարկման համատեքստում Xiaomi-ի ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել ամբողջ աշխարհում արդյունաբերության զարգացման վրա: Գործարարը նշել է, որ ընկերությունը մտադիր է շարունակել 5G աջակցությամբ սմարթֆոնների արտադրությունը՝ չինական շուկան «պաշտպանելու» եւ Xiaomi-ի միջազգային ընդլայնումը  կազմակերպելու համար: «5G-ով սարքերը կոչված են չինական շուկայի կարիքները բավարարելու համար»,- նշել է Ցզյունը:

Չինական ընկերության հիմնադիրը նշել է, որ 6G-ի ներդրումը զգալիորեն կբարելավի մարդկանց կյանքը: Որպես օրինակ՝ նա նշել է վիդեոյի ստրիմինգի մասսայականացումը 8K-ի օգնությամբ եւ նոր տեսակի վիդեոկոնֆերանսի հայտնվելը, ամպային գեյմինգի եւ ավտոմեքենաների ինքնավար վարման պայթյունային զարգացումը: Լեյ Ցզյունը եզրափակել է, որ իր ընկերությունը հետաքրքրված չէ 4G կապի ակտուալ ստանդարտի աջակցությամբ սմարթֆոնների արտադրությամբ:

Ավստրալացի գիտնականների գնահատականների համաձայն՝ վեցերորդ սերնդի ցանցերում տվյալների փոխանցման արագությունը կարող է վայրկյանում մեկ տերաբիտի հասնել: 5G-ի հայտնվելու կապակցությամբ փորձագետները հեղափոխություն էին կանխատեսում տեխնոլոգիական առաջընթացում եւ տեխնիկայի ու մարդկային ուղեղի բարձր ինտեգրման ձեռբերում: