Մեծ Բրիտանիայի բնակչուհի Թերի Աբիմբոլան գտել է հարազատ քրոջը կորոնավիրուսի շնորհիվ: Նրա հարազատ քրոջը ծնվելուց հետո որդեգրել էին, գրում է The Sun-ը:

32-ամյա Թերին իմացել է, որ հարազատ քույր ունի, սակայն նրան գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել:

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ Աբիմբոլան ազատ ժամանակ է ունեցել եւ կրկին սկսել որոնումները:

Ռեգիստրացիոն կայքի արխիվներում բրիտանուհին մի կնոջ լուսանկար է նկատել, որը նրան նման է եղել: Նա գրել է կնոջը, եւ վերջինս պատասխանել է նրան: Պարզվել է, որ 51-ամյա Ջոան Օդվայերը նրա հարազատ քույրն է:

«Ես զանգեցի նրան, մենք քննարկեցինք ամեն ինչ՝ անուններ, լուսանկարներ, ծննդյան վկայական եւ այլն»,-պատմել է Թերին:

Նրանք պայմանավորվել են հանդիպել:

Թերին նշել է, որ կորոնավիրուսի շնորհիվ գտել է իր ավագ քրոջը:

«Մեր մայրը ողջ է, եւ նա այնքան ուրախացավ, երբ իմացավ, որ մենք գտել ենք մեր քրոջը»,-հավելել է նա: