ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի բնակչուհին վստահ է, որ իր շունն աշխարհում ամենաերկար քիթն ունի: Ձենասունի արտասովոր մռութը նրան համացանցային աստղ է դարձրել, հայտնում է Daily Mail-ը:

27-ամյա Լիլի Կամբուրյանը հայտնել է, որ 2018 թվականի հուլիսի 23-ին գործընկերուհու հետ ապաստանել է անոմալ երկար քթով շանը: Ռուսական քերծե ցեղատեսակի ձեռնասունին, որը մայիսի 19-ին դարձել է 2 տարեկան, անվանել են ի պատիվ հունական երկպառակությունների եւ տարաձայնությունների աստվածուհի Էրիսի: Տանը նրան կատակով դիմում են՝ «Տիկին Էրիս Օվերբայթ, Քթերի թագուհի»:

Կամբուրյանը նշում է, որ 2 տարում Էրիսի քիթն աճել է մինչեւ 31 սանտիմետր: Տիրուհին Instagram-ում էջ է ստեղծել, որտեղ հրապարակում է արտասովոր ձեռնասունի լուսանկարները: Իր եզակի արտաքինի պատճառով Էրիսն արագորեն համացանցում հռչակ է ձեռք բերել: Նրա լուսանկարներով էջին բաժանորդագրված է 177 հազար մարդ:

«Երբ Էրիսի հետ փողոց ենք դուրս գալիս, մեզ մշտապես կանգնեցնում են անցորդները եւ փորձում տեղեկանալ ցեղատեսակի մասին,- դժգոհում է Կամբուրյանը: - Բայց վերջին շրջանում մենք սկսել ենք փնտրել սակավաթիվ մարդկանցով վայրեր, որտեղ կարող ենք շանը հանգիստ զբոսանքի տանել»: Երբ Էրիսը ձագ էր, տերերին զգուշացրել են, որ տարիքին զուգահեռ նրա մոտ կարող են առաջանալ ատամների հետ կապված խնդիրներ: Սակայն նրա երկար քիթն արդյունքում ոչ մի բարդություն չի առաջացրել:

«Նա ամեն տեղ ուտելիք է նետում, բայց ես էլ եմ այդպես վարվում,- կատակով ասում է Կամբուրյանը: - Նրան շատ լավ է հաջողվում իր քիթը մտցնել բազմոցների միջեւ նեղ ճեղքերի մեջ եւ անգամ սեղանի շուրջ ճաշող մարդկանց միջեւ: Այնպես որ, ինչ մտածես, նրա երկար քիթը ամբողջությամբ արժանիք է»:

Էրիսի տերերը շեշտել են, որ իրենք երբեք չեն նախատեսել ձեռնասունին չափել համաշխարհային ռեկորդ սահմանելու համար: Բայց մենք դրան չենք ընդդիմանա այն բանից հետո, երբ աշխարհում իրավիճակը հանդարտվի,- նշել է Կամբուրյանը: - Չնայած, անկեղծ ասած, մենք պատկերացում չունենք, թե դրա համար ինչ է պետք անել»: