Մայիսի 28-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը ու Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Բուխարեստի հայկական գերեզմանատանը մասնակցել են Հայոց պետականության վերականգնման ու Առաջին Հանրապետության հիմնադրման առթիվ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի և Մայիսյան հերոսամարտերի ժամանակ նահատակված քաջարի զինվորների ու քաղաքական-հասարակական գործիչների հոգիների հանգստության համար կատարված ծեսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայաստանի անկախության, ինչպես նաև այդ ժամանակ Հայաստանի փաստացի դաշնակից հանդիսացող Ռումինիայի անկախության և միավորման համար հերոսաբար կռված ու պայքարած բոլոր հայորդիների հիշատակին:

Արարողության ընթացքում գոհաբանական աղոթք է բարձրացվել առ Աստված՝ Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղության ու բարօրության համար: Արարողության ավարտին մասնակիցները ծաղկեպսակ են զետեղել ու ծաղիկներ խոնարհել Հայաստանի Առաջին հանրապետության կայացման գործում զգալի ավանդ ունեցած և Բուխարեստի հայկական գերեզմանատանը թաղված նշանավոր անհատների, այդ թվում Սարգիս Արարատյանի (1919թ. օգոստոսի 5-ից մինչև 1920թ. մայիսի 5-ը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության ֆինանսների նախարար, 1920թ. մայիսի 5-ից նոյեմբերի 23-24-ը՝ պարենավորման, հասարակական օգնության նախարար, իսկ 1920թ. սեպտեմբերից մինչև նոյեմբերը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը), Արսեն Տեր-Պողոսյանի (ազգային, ռազմական գործիչ, Բաշ-Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ - աշխարհազորի հրամանատար), Կուռ (Սուրեն) Թարխանյանի (ազգային ազատագրական շարժման գործիչ, Բաղեշի, Խնուսի, Ալաշկերտի, Սուրմալուի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի մասնակից, Դրաստամատ Կանայանի օգնական) և Հարություն Խնդիրյանի (գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ռումինիայում առաջին ՀՀ Գլխավոր հյուպատոս, Ռումինահայոց միության հիմնադիրներից) գերեզմաններին: