Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը միջուկային փորձարկումների անցկացման հնարավորությունների մասին Թրամփի վարչակազմի քննարկումներն «անմիտ» է անվանել։

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկել է 1992 թվականից հետո առառջին միջուկային պայթյունի իրականացման հնարավորությունը, հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով մի բարձրաստիճան պաշտոնյայի եւ բանակցություններին ծանոթ երկու նախկին պաշտոնյաների։

Քննարկումների արդյունքում միջուկային փորձարկման որոշում չի ընդունվել, եւ որոշվել է այլ միջոցներ կիրառել ի պատասխան «Ռուսաստանից ու Չինաստանից բխող սպառնալիքների»։

«Հնարավորությունը, որ Թրամփի վարչակազմը կարող է վերսկսել միջուկային պայթուցիկ զենքի փորձարկումները Նեւադայում, որքան անմիտ, նույնքան վտանգավոր է։ Մենք փորձարկումներ չենք անցկացրել 1992 թվականից, մեզ պետք չէ դա հիմա անել»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Նախկին փոխնախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից նման փորձարկումների վերսկսումը չի բերի Մոսկվային կամ Պեկինին սպառազինությունների վերահսկման նոր համաձայնագրի հարցով բանակցությունների սեղանի մոտ։ «Դա ցնորք է։ Փորձարկումների վերսկսումը ավելի շուտ կդրդի մյուս երկրներին վերականգնել ռազմական առումով նշանակալի միջուկային փորձարկումները եւ կտապալի միջուկային չտարածման ոլորտում մեր նպատակները», այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հանդեպ։