Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է սահմանափակման սանիտարական միջոցառումները հանելու «երկրորդ փուլի» մասին։ Այն, ինչպես եւ պլանավորվում էր, կսկսվի հունիսի 2-ից, հայտնում է RFI-ը։

Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավարը, երկրում համաճարակաբանական իրավիճակը, «ավելի շուտ լավն է»։ Այն ավելի լավ է, քան մենք սպասում էինք, նշել է վարչապետը։

Մասնավորապես, Ֆրանսիայում այլեւս չեն մնացել «կարմիր» գոտիներ (ծայրահեղ անբարենպաստ սանիտարական իրավիճակով), այժմ երկիրը բաժանվում է «նարնջագույն» եւ «կանաչ» շրջանների։ Երկրի համարյա ամբողջ տարածքն այսուհետ «կանաչ» գոտում է։ «Նարնջագույն» (միջին բարենպաստ) են ճանաչվել միայն մայրաքաղաքային տարածաշրջանի Իլ դե Ֆրանսի շրջանները, այդ թվում՝ Փարիզը, անդրծովյան Գվիանա եւ Մայոտա շրջանները։

«Կանաչ» (բարենպաստ) շրջաններում արդեն հունիսի 2-ից կբացվեն ռեստորաններն ու սրճարանները, «նարնջագույններում» առայժմ սրճարանում եւ ռեստորանում կարելի կլինի նստել միայն բացօթյա հատվածներում։

Փարիզում հունիսի 2-ից կբացվեն բոլոր այգիներն ու պուրակները՝ երկուսուկես ամիս փակ մնալուց հետո։ Այս մասին քաղաքապետարանը հայտարարել էր դեռեւս մինչեւ վարչապետի ելույթը։

Այնուամենայնիվ, շատ արգելքներ դեռեւս մնում են, նշել է վարչապետը՝ մասնավորապես, պահպանվում է հավաքների սահմանափակումը (10 մարդուց ոչ ավելի)։

Սահմանափակումների չեղարկման հաջորդ՝ երրորդ փուլը, պետք է սկսվի ամռանը: Երրորդ փուլը կսկսվի հունիսի 21-ից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում համընդհանուր կարանտինը չեղարկել են մայիսի 11-ին՝ հայտարարելով սանիտարական սահմանափակումների չեղարկման առաջին փուլի մասին:

Մասնավորապես, այլեւս պետք չէ լրացնել թղթեր տնից դուրս գալու համար: Բացի այդ, թույլատրվում է հավաքվել: Հավաքույթներին կարող է մասնակցել մինչեւ 10 մարդ: Բացվել են առեւտրային կետերը, բացառությամբ ռեստորանների, թատրոնների, կինոթատրոնների, մարզասրահների եւ թանգարանների: Քաղաքացիներին թույլատրել են նաեւ ուղեւորվել բնակության վայրից մինչեւ 100 կմ հեռավորության վրա:

Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված համընդհանուր կարանտին էր սահմանվել մարտի 17-ին: Այն ուժի մեջ է եղել 55 օր: