Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունավետյան, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների, պետական համակարգի ներկայիս վիճակի եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:

Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը հայ ժողովրդի  համար պատմական անգնանահելի իրադարձություն էր, որը, ցավոք, կարճատեւ կյանք ունեցավ: Շատ գործիչներ ահազանգում են, թե այսօր էլ ենք դիմագրավում պետականության կորստի մարտահրավերը: Ձեր գնահատմամբ` որքա՞ն հիմնավոր կամ չափազանցված են այս մտավախությունները: Եվ արդյո՞ք լիարժեք գիտակցում ենք օրվա խորհուրդը։

Երբ երկրում ոտնահարվում է ժողովրդավարությունը, նշանակում է դու անէացնում ես քո քաղաքացիների իրավունքները: Երբ դու փոքրացնում ես, անէացնում ես քաղաքացուդ իրավունքը, դա շահեկան վիճակ է ստեղծում հակառակորդների համար: Որոշ մարդիկ սա գուցե չեն էլ գիտակցում: Ես կարող եմ շատ երկար խոսել այս մասին, բայց առայժմ բավարարվենք այս փոքր մեկնաբանությամբ:

Որոշ մարդիկ անկախության օրը կոչում են Առաջին Հանարապետության օր։ Սա կատարյալ հիմարություն է: Սա Հայաստանի անկախության օրն է: Մայիսի 28-ը մեր ժողովրդին նվիրել են 1900-ական թվականների սկզբի ազգային գործիչները, Սարդարապատը կերտողները: Նրանք այդ օրը կոչել են Հայաստանի անկախության օր: Մենք` զարգացնելով նրանց այդ գաղափարը, պահպանելով անկախություն բառը, ասում ենք` անկախության վերականգնման օր: Բայց հայտնվեցին սրիկաներ, որոնք իրենց իրավունք վերապահեցին Հայաստանի անկախությունը վերականգնած մարդկանց` մայիսի 28-ը կոչած օրը իրենց քմահաճույքով եւ տգիտությամբ, իրենց տերերի հրամանով կոչել Առաջին հանարապետության օր: Դա ուներ հետին նպատակ` ստորացնել եւ փոքրացնել Հայաստանը: Այս օրերին մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը նշեցին իրենց անկախության 102-ամյակը, իսկ մենք սեպտեմբերին մեր անկախության 29-ամյակն ենք նշելու: Սա խայտառակություն է: 1918թ.-ի մայիսի 28-ը մեր պետականության, անկախության վերականգնման օրն է: Այդպես որոշել են նախնիները եւ այդպես էլ պետք է հետագայում կոչվի: Պրիմիտիվ, անուղեղ, հայ ազգի ինքնության եւ արժանապատվության դեմ պայքարողներ, ստոր դավադիրներ են նրանք, ովքեր կասեն Առաջին հանրապետության օր:

Որքա՞ն արդյունավետ է գործում մեր պետական համակարգը: Բացասական կարծիքներ են հնչում իշխանության վարած քաղակաքանության մասին, ասում են` օրինակ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն արդարացնում ժողովրդի սպասելիքները:

Նիկոլ Փաշինյանը իրեն երջանիկ է զգում, որ Հայաստանում եւ աշխարհում կա կորոնավիրուսի խնդիրը եւ ինքը կարող է բարդ իրավիճակում գործել որպես երկրի ղեկավար եւ ամենեւին ուշադրություն չդարձնել իր վարկանիշի խայտառակ անկմանը: Նրա վարկանիշը անկում կունենա թե ոչ, դա չէ էականը: Էականն այն է, որ Փաշինյանը հանրաճանաչ է դարձել որպես հայ ազգի պատմության մեջ մեծագույն ստախոս: Մի քանի օրինակներ բերեմ, որպեսզի մերկապարանոց չլինեն խոսքերս: Սերժ Սարգսյանն այս սահմանադրությունը գրում է իր «հագով»: Սակայն այսօր ինքը իր ատամներով, մարմնի բոլոր մասերով կառչել է այդ ստոր սահմանադրությանը: «Արմեն Սարգսյանն ընտրվում է, ոչ թե որպես նախագահ, այլ մաֆիայի ներկայացուցիչ»,-սրանք իր խոսքերն են: Արմեն Սարգսյանն այսօր բարեհաջող նախագահում է երկրում, լինելով Նիկոլ Փաշինյանի հերթական խամաճիկներից մեկը: Ասում էր, որ ԵԱՏՄ-ն վնասակար է մեր ազգի համար, նախորդ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարել, սակայն նախորդ իշխանությունների գազի վերաբերյալ կնքած պայմանագիրը շարունակում է սրբություն համարել: Հարեւան Վրաստանում գազի գները անկում ապրեցին 15 տոկոսով, իսկ մերոնք բանակցում են գինը բարձրացնելու մասին: Փաշինյանն ապացուցել է, որ ամենավերջին ստախոսն է: Կարմիր գծերի, արագաչափերի դեմ էր խոսում, այդ ամենը օրինականացրեց: Նա առողջ բանականություն ունեցող մարդկանց գնահատմամբ ոչնչություն է: Խոսելով` քաղաքացուն երկրի տերը դարձնելու սկզբունքի մասին, նա ոչ միայն ուրացավ այդ սկզբունքը, այլեւ գնաց Սերժ Սարգսյանի օրոք ընդունված սահմանադրությունը պաշտպանելու ճանապարհով: Ընտրական օրենսգրքի մասին որոշում ընդունեցին: Առողջ բանականությամբ որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին ոչ թե լավ գործիչ, այլ մարդ համարել չի կարող: Մենք խորը ճահճի մեջ ենք:

Ն. Փաշինյանը ժողովրդին պարբերաբար ասում է, որ բոլոր կոռուպցիոներները կենթարկվեն պատասխանատվության, ժողովրդից թալանածը կվերադարձվի: Այժմ որքա՞ն հավաստի են հնչում այս հայտարարությունները,  եթե նկատենք, որ աղմկոտ կոռուպցիոն  գործերով որոշ  մեղադրյալներ լքել են Հայաստանը:

Ոչ թե լքել են, այլ հասցրել են Նիկոլ Փաշինյանի օգնությամբ ժամանակին ճողոպրել: Նա կարող էր շատ հստակ սահմանել երկրից չհեռանալու խափանման միջոց,  բայց Փաշինյանը ակնհայտ կասկածյալ մարդկանց նկատմամբ դա չկիրառեց: Փոխարենը շատ փոքր թվով մարդկանց հանդեպ կիրառեց խափանման միջոց կալանավորումը: Մենք գործ ունենք քաղաքական ընդգծված իմպոտենտության հետ: Մյուս դեպքերում ինքը Սաշիկին փոխարինեց իր տիկնոջով, արագ ինչ-որ  հիմնադրամներ ստեղծեց: Դա՞ էր քո ժողովրդի ցանկությունը: Քո ժողովրդի ցանկությունն այն էր, որ դու գնաս Սերժ Սարգսյանին փոխարինելու նրա ամառանոցո՞ւմ: Այսօր երբ աշխարհում վառելիքային գնանկում է նկատվում, դու շարունակում ես հավատարիմ մնալ ոչ միայն ապօրինի պայմանագրերին, այլեւ բանակցել գների բարձրացման մասին: Ամբողջ աշխարհում գները մի քանի անգամ անկում են ապրել, իսկ Հայաստանում 4 անգամ ավելի բարձր ենք վճարում: Այսպիսի խայտառակ իշխանությու՞ն: Իրենց համար մեծագույն երջանկություն է, որ կորոնավիրուսի խնդիր կա Հայաաստանում, այլապես ես համոզված եմ` ժողովուրդը միահամուռ կերպով ոտքի կկանգներ ու կասեր` կորիր գրողի ծոցը, ստախոս, սրիկա:

Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների խորապատկերում ինչպե՞ս եք գնահատում  Ն. Փաշինյանի թիմով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության պետականաշինական քայլերը:

Այն, որ ինքն ընդունեց Սերժ Սարգսյանի ժամանակ ձեւավորված ընտրական օրենսգիրքը, այն որ ինքն այդ սահմանադրությամբ գործում է, արդեն վկայությունն է այն բանի, որ չունի արժեքներ կամ որդեգրել է այն արժեքները, որոնց դեմ պայքարում էր: Ավանդազրույց կա` դեւին հաղթողը նրանից լսում է նրա վերջին խոսքերը. «Դու դեւին չհաղթեցիր, դու հաջորդ դեւն ես, որովհետեւ ես նախորդ ասպետն էի, որ եկա դեւի դեմ կռվելու»: Նիկոլ Փաշինյանը այս պետական համակարգի բարելավման ճանապարհին ուներ մեկ լուրջ հնարավորություն` գնալ Հայրիկյանի` ժամանակին տված բացարձակ ժողովրդավարության նախագիծը թաքստոցներից հանելու, հրապարակավ քննարկելու եւ կիրառելու ուղիով: Ինքը` չնայած երախտապարտ էր ինձ, որ եղա իր առաջին աջակցողը, թեպետ ես աջակցում էի ոչ թե իրեն, այլ` քաղաքացին պիտի երկրի տեր դառնա, գաղափարին: Սահմանադրության հարցում չուզեց լսել, ավելին` երբ ես մեղադրանք ներկայացրի այն հանձնաժողովին, որը սահմանադրությունը քննարկելիս ժողովրդից թաքցրել էր այլընտրանքային տարբերակի գոյությունը, իրենք համարեցին, որ այդտեղ քրեական հանցագործության տարրեր չկան: Միլիոններին խաբելը համարեցին բնականոն: Այդ պահից հասկացա, որ Փաշինյանը շարքային, ողորմելի ստախոս լինելուց բացի, գուցե նաեւ էությամբ հանցագործ է: Նա իր ելույթներում էլ ասում է` «ասֆալտին կփռեմ»: Միայն քրեական հանցագործներն են այդպես արտահայտվում:

Սահմանադրական դատարանի խնդիրը իշխանություններն ուզում են լուծել ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ խորհրդարանում: Արդյո՞ք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում ՍԴ-ի հարցն այդքան օրհասական է, եւ արդյո՞ք ՍԴ-ն իր այս կազմով խանգարում է իշխանությունների բարեփոխումներին:

Իրենց համար ՍԴ-ի հարցն օրհասական է: Սահմանադրական դատարանի այդ կազմի որոշ մարդիկ ինձ համար շատ խիստ բացասական տարրեր են: Ինքս քայլեր կձեռնարկեի նրանց դեմ, որովհետեւ նրանք են պարտակել, ժողովրդից թաքցրել Հայրիկյանի` բացարձակ ժողովրդավարության համակարգը ներկայացնող բանաձեւը: Բայց այսօր նրանք իրական հակակշիռ են, իսկ հակակշիռները պետական համակարգում շատ կարեւոր են: Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազնիվ նկատառումներով է առաջնորդվում, այլ բացարձակ միահեծանություն ապահովելու իր սին մտածելակերպով: Նա իր բոլշեւիկ պապերի, կեղտոտ լենինիստ պապերի ձգտումներով է ապրել եւ ապրում: Անգամ հանրաքվեն էր ապօրինի: Իշխանության երեք ճյուղերից մեկը մյուս ճյուղերի նկատմամբ չի կարող որեւէ դիրքորոշում եւ վերաբերմունք ունենալ, նրանց կարգավիճակը փոխել: Սա, ըստ էության, խորհրդարանական համակարգի արատավոր դրսեւորումներից մեկն է:

Վարակվածների թիվն օր-օրի ավելանում է: Կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների քայլերը  արդյունավետ համարո՞ւմ եք: Այս օրերին շատ քննադատություններ են հնչում Արսեն Թորոսյանի հասցեին։

Ոչ միայն ինքն է ձախողել, այլ նաեւ իր վարչապետը: Նրանք հենց սկզբից քամահրական վերաբերմունք ցուցաբերեցին: Համեմատության մեջ տեսեք նույն տարածաշրջանում ապրող վրացիների եւ մեր տարբերությունը: Վրաստանը ամսի 14-ից ծրագրում են նույնիսկ զբոսաշրջությունը վերականգնել, իսկ մենք խոսում ենք նոր խստացումների մասին: Այս ձախողված ողորմելիներն ուզում են իրենց բոլոր ձախողումների պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա: