Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ռեկորդային՝ 26,4 հազարով եւ հասել մինչեւ 438 238-ի: Այս մասին են վկայում հինգշաբթի թարմացված պաշտոնական վիճակագրության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վարակակիրների նախորդ օրական առավելագույն աճը՝ 20 803, գրանցվել էր մայիսի 22-ին: Ամփոփագրից հետեւում է, որ կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճել է մինչեւ 26 754, անցած մեկ օրում գրանցվել է 1 156 մահ: Նշվում է, որ վերջին 3 օրերի օրական վիճակագրության մեջ ներառված 3281 դեպքից այդ ընթացքում մահացել է 539 մարդ, մնացյալ դեպքերը ավելի վաղ ժամանակաշրջանի են: Մահվան եւս 4 211 դեպքի պատճառները, որոնք նույնպես կարող են կապված լինել կորոնավիրուսի հետ, պարզվում են: Առողջացել է 177 հազարից ավելի պացիենտ:

Երկրում ինֆեկցիայի տարածման էպիկենտրոնն է Սան Պաուլու նահանգը եւ նրա նույնանուն մայրաքաղաքը, որի ագլոմերացիայում բնակվում է 21 մլն մարդուց ավելի: Նահանգում կան 95 հազարից ավելի վարակակիրներ եւ գրեթե 7 հազար մահացածներ: Վարակվածների թվով երկրորդն է դարձել հարեւան Ռիո դե Ժանեյրոն (գրեթե 45 հազար), որը կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով (4 856) անցել է Չինաստանից (4 838) եւ Հնդկաստանից (4 711): Հաջորդում է հյուսիսարեւելյան նահանգ Սեարան (ավելի քան 37,8 վարակակիր), որտեղ մահացել է 2733 կորոնավիրուսով պացիենտ:

Համաճարակաբանական ծանր իրավիճակ է ստեղծվում հյուսիսարեւելյան նահանգներում՝ Պերնամբուկուում (ավելի քան 30 հազար վարակված եւ 2566 մահացած) եւ Մարանյանում (գրեթե 28 հազար վարակված եւ 887 մահացած), ինչպես նաեւ երկրի հյուսիսում Ամազոնաս (36,1 հազարից ավելի վարակակիր եւ 1 964 մահացած) եւ Պարա նահանգներում (մոտ 33,7 հազար վարակակիր եւ 2 704 մահացած):