Նյու Յորքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 40 մարդ է ձերբակալվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox News-ին:

Նշվում է, որ քաղաքում ցույցերը ոստիկանների հետ բախումների են վերածվել: Անվտանգության աշխատակիցներից մեկի գլխին հարվածել են աղբամանով: Տուժել է 4 ոստիկան, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հեռուստաալիքը նշում է, որ ձերբակալվածների մոտ դանակ են գտել:

Նյու Յորքում բողոքի ակցիաներ են անցկացվել Մինեապոլիսում անկարգությունների ֆոնին, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը: Նրան կասկածում էին խանութում կեղծ թղթադրամներով առեւտուր անելու մեջ: Աֆրոամերիկացուն ձեռնաշղթաներ են հագցրել, գցել գետնին: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացուն: Ֆլոյդը բղավել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկաններն ուշադրություն չեն դարձրել: Աֆրոամերիկացուն հոսպիտալացրել են, որտեղ էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը: