Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել վերացնել առեւտրի խոչընդոտներն ԱՊՀ տարածքում՝  կորոնավիրուսի համաճարակի բացասական հետեւանքներին դիմակայելու համար տնտեսական ինտեգրումը մեծացնելու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի տարածումը բացասաբար է անդրադառնում ԱՊՀ երկրների տնտեսության վրա: Իհարկե, այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի փոխգործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում»- նշել է Միշուստինն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նրա կարծիքով՝ «կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն առեւտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հանելու, ԱՊՀ ազատ առեւտրի գոտու արդյունավետ աշխատանքի ապահովման եւ տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման համար»: Միշուստինը նաեւ կարծում է, որ «նպատակահարմար է արագացնել աշխատանքն ազատ առեւտրի, ծառայությունների վերաբերյալ համաձայնագրի շուրջ, զբաղվել ինտեգրացիոն գործընթացների ներդրմամբ Համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ապահովել տնտեսությունների հետագա թվայնացումը»:

«ԱՊՀ բոլոր երկրներին անհրաժեշտ է կրճատել կախվածությունն էներգետիկ համաշխարհային շուկաների վիճակից»,- համոզված է Ռուսաստանի վարչապետը: Նա հայտարարել է, որ «նավթի գների կտրուկ անկումն ազդել է ԱՊՀ տնտեսության շատ ոլորտների վրա»:

Ըստ Միշուստինի՝ «այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում համագործակցության ամրապնդումն առեւտրատնտեսական ոլորտում»: «Այս խնդիրները արտացոլված են ԱՊՀ տնտեսական զարգացման՝ մինչեւ 2030 թվականի ռազմավարության նախագծում, այն ուղղված է մեր երկրների տնտեսական դիրքերի ամրապնդմանը, ապրանքների մրցունակության բարձրացմանը, արդյունաբերական ոլորտների եւ ծառայությունների զարգացմանը եւ ամենակարեւորը՝ ելավել Համագործակցության բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանը»,- նշել է ՌԴ վարչապետը: .

Նա կարծում է, որ «ներկայիս տնտեսական բարդ պայմաններում ռազմավարության արագ ընդունումը ընդհանուր երկարաժամկետ շահերի շրջանակում է»: «Ակնհայտ է, որ մենք միասին կկարողանանք ավելի արագ հաղթահարել կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքները»,- ասել է Միշուստինը:
ՌԴ վարչապետը հայտարարել է. «Մենք բազմակողմ փոխգործակցությունից դրական արդյունքներ ենք սպասում արդեն մոտ ապագայում»:

Նա առաջնահերթ խնդիրների թվում նշել է «ԱՊՀ տրանսպորտային համակարգի կատարելագործումը, ինտեգրումը»: «Այսօր քննարկում ենք մինչեւ 2030 թվականը տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ուղղությունների նախագիծը, եւ խոսքն առաջին հերթին վերաբերում է մեր տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործմանը, որի հիմքի վրա Համագործակցության տարածքում գործարկելու ենք նոր մասշտաբային ենթակառուցվածքային նախագծեր»,- հավաստիացրել է ՌԴ վարչապետը: