ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում, կոչ է արել այդ երկրների տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար օգտագործել խորհրդային տարիներին գործած լավագույն պրակտիկաները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր երկրները ոչ միայն ընդհանուր սահմաններ ունեն, այլեւ միասնական համաճարակային տարածք, ուստի արձագանքման համատեղ միջոցառումները հիմնված են ընդհանուր լավագույն պրակտիկաների վրա, որոնք վերջնամշակվել են դեռեւս խորհրդային տարիներին»,- ասել է նա՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ինֆեկցիայի տարածման իրավիճակը կայունանում է:
ՌԴ վարչապետի խոսքով՝ նիստում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի թեմային պետք է հատուկ ուշադրություն հատկացվի:
Միշուստինը նշել է, որ ընդհանուր առմամբ Համագործակցության շրջանակում հավաքական աշխատանքը ակներեւ օգուտներ է բերում եւ առավելություններ ունի նաեւ այլ ուղղություններում, մասնավորապես՝ անդամ երկրների տնտեսությունների համար:
ՌԴ վարչապետը նշել է, որ ԱՊՀ-ն դիտարկում է որպես կարեւորագույն եւ օգտակար ձեւաչափ բազմապլան առեւտրատնտեսական եւ ճյուղային համագործակցության զարգացման համար: Մեզ համար սա բացարձակ առաջնահերթություն է»,- շեշտել է նա: Նրա տվյալներով՝ 2019 թվականին հաջողվել է պահպանել փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան: «Ապագայում կայուն տնտեսական ցուցանիշների ապահովման համար, իհարկե, կոնկրետ քայլեր են անհրաժեշտ՝ ուղղված տնտեսական ինտեգրման ընդլայնմանը»,- հավելել է նա:
Համավարակի դեմ պայքարի ընդհանուր խնդիրները
Միշուստինը ԱՊՀ գործընկերներին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարի ընդհանուր խնդիրները լուծել պրագմատիկ եւ դրական հունում: «Վստահ եմ, որ ընդհանուր պրագմատիկ եւ դրական տրամադրվածությունը, միմյանց շահերը հաշվի առնելու պատրաստակամությունը մեզ թույլ կտան լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները»,- հայտարարել է նա:
Նա իր ելույթում անդրադարձել է խնդիրների, որոնց աշխատանքային միգրանտները բախվել են համավարակի պայմաններում սահմանափակումների ֆոնին: Միշուստինը հիշեցրել է, որ ավիահաղորդակցության չեղարկման պատճառով օտարերկրյա քաղաքացիները «ըստ էության, մյուս պետություններից արգելափակված վիճակում են հայտնվել»:
«Մենք այս իրավիճակին օպերատիվորեն ենք արձագանքել եւ նրանց օրինական հիմունքներով Ռուսաստանում մնալու հնարավորություն ենք ընձեռել: Իհարկե, փորձել ենք ամեն ինչ անել նրանց տուն վերադարձնելու համար, իսկ նրանց, ովքեր առայժմ այդպիսի հեռանկար չունեն, փաստաթղթեր ենք տրամադրել, որոնք աշխատանքային գործունեության իրավունք են տալիս»,- հավելել է ՌԴ վարչապետը: