Չկարգավորված սոցիալ-տնտեսական խնդիրները Լիբանանում կարող են բողոքի նոր ալիքի հանգեցնել, ինչը կարող է կառավարության հրաժարականի եւ երկրի կառավարման համայնքային համակարգում փոփոխության պահանջի վերածվել: Այս մասին մայիսի 29-ին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Նրա խոսքով՝ երկրում խնդիրները սկսվել են համավարակից առաջ, իսկ կորոնավիրուսը միայն սրել է վիճակը:

«Իշխանություններին դեռ չի հաջողվել կրճատել գործազրկությունը եւ կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչը հիմնականում կապված է տեղական արժույթի արժեզրկման հետ: Երկիրը փաստացիորեն զրկված է արտաքին ֆինանսական օժանդակությունից, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, ուստի քաղաքացիական անհնազանդության գործողությունները կարող են վերսկսվել»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է համաճարակաբանական իրավիճակին, ապա, ըստ Քանդահարյանի, այն դեռ վերահսկելի է:

«Երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 26 դեպք, այդ թվում՝ 3 հայի: Հայ համայնքին կից օպերատիվ շտաբ է գործում, որը սննդի եւ դեղամիջոցների տեսքով օգնություն է կազմակերպում բնակչության առավել խոցելի հատվածների համար»,- հավելել է նա:

Գլխավոր խմբագիրը պարզաբանել է, որ երկրում 19:00-ից հետո գործում են տեղաշարժը եւ տրանսպորտի օգտագործումը սահմանափակող միջոցները, պահանջներ են ներդրվել դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու վերաբերյալ:

Նշենք, որ ապրիլին Լիբանանում զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացվում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման եւ կառավարության հրաժարականի պահանջով: