Ես նկատեցի, որ որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը ՍԴ-ի առաջին եւ երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել, մերժել է. նման ձեւակերպումներից պետք է զերծ մնալ, որովհետեւ առաջին 2 հարցերը վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին եւ ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է երրորդ կետում: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի ՍԴ-ին ուղղված պատասխաններին:

Նրա խոսքով, բլանկետային նորմը այն նորմն է, որ քրեական օրենսգրքում չի, այլ մեկ այլ փաստաթղթի մեջ է. «Օրինակ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ: Հիմա ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, կարող լինել իրավաչափ միայն այն դեպքում՝ եթե այն բավարար հստակ է եւ կանխատեսելի: Մենք 300.1 հոդվածի դեպքում՝ չունենք հստակությունը եւ կանխատեսելիություն:

ՄԻԵԴ-ը նաեւ ընդգծեց, որ արարքի շրջանակը, այսինքն այն արարքը, որ հանցագործություն է համարվում, պետք է լինի հստակ, նաեւ դրա ծավալը, այսինքն մինչեւ որ տեղ է դա համարվում հանցագործություն: 300.1 հոդվածը նաեւ այս պահանջին չի բավարարում: Սա ՄԻԵԴ-ի կարծիքի նոր հանգամանքներից մեկն է, որը եւս մեր կողմից հստակ օգտագործվելու է: Հետեւաբար, այս պարագայում պետք է նշել, որ 300.1-ը դրան չի համապատասխանում, չի բավարարում»,-ասաց խպաշտպանը:

Անդրադառնալով հետադարձ ուժի հետ կապված խնդրին նա ասաց. «Եթե ՄԻԵԴ-ը չտեսնել խնդիր, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա: Եթե Եվրոպական դատարանը մի հարց վերլուծում է, այն էլ նման ծավալուն փաստաթղթով, դա նշանակում է, որ այնտեղ կա խնդիր: Եթե այդտեղ խնդիր չլիներ, ՄԻԵԴ-ը անգամ վարույթ չէր ընդունի, իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով նույնպես շատ հստակ նշվել է, որ չի կարող ավելի խստացնող արարքը հետադարձ ուժ ունենալ:

Նաեւ նշել է, թե արդյոք հետադարձ ուժի կանոնը կիրառելի է, թե ոչ: Նշված է, որ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային: Մեն քւնենք նման պրակտիկա՝ «7-ի գործ», նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետապնդման դադարեցում հետադարձ ուժով պայմանավորված: ՀՀ դատարանները եւ դատախազությունը գտել էին, որ 300.1-ը ներկայացնում է նոր հանցակազմ»,-ընդգծեց Վարդեւանյանը՝ հավելելով, որ սրանք օգտագործվելու են հասցետիրոջ՝ ՍԴ-ի կողմից: