Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, սակայն ստիպված ենք արձագանքել: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, տեսակապի միջոցով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության եւ փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձեւաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը եւ խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը:

Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձեւաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:

Ցանկանում եմ նաեւ հիշեցնել եւ վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման եւ փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել եւ հասնել հակամարտության կարգավորմանը»: