Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին 15 հարցեր, որոնց թվում է նաեւ նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը:

Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է.

«Խորհրդի հարգելի նախագահ,

Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Հարգելի Սերգեյ Նիկոլայի,

Հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ:

Մեր հանդիպումը տեղի է ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կտրուկ կփոխվի, եւ հնարավոր կլինի հանդիպումների անցկացումը դեմ առ դեմ ձեւաչափով:

Այս պայմաններում, երբ աշխարհի բոլոր պետությունները կանգնած են սահմաններ չճանաչող համավարակի հետ կապված մարտահրավերների առջեւ, ջանքերի միավորման անհրաժեշտությունն ակնհայտ է:

Կորոնավիրուսի սպառնալիքի վերացման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերը նախաձեռնելու եւ բազմակողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մեր երկրների պատրաստակամության հերթական հաստատումը ավելորդ չի լինի: Այս կապակցությամբ պատեհաժամ եւ ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությունը:

Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում՝ տնտեսական եւ սոցիալական բնույթի, թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում եւ դրա հետեւանքների հաղթահարման գործում:

Ելնելով դրանից՝ մենք մտադիր ենք ԱՊՀ շրջանակներում այսուհետ եւս շարունակել համագործակցության ամրապնդումը՝ մեր երկրների սանիտարա-համաճարակաբանական եւ ֆինանսա-տնտեսական անվտանգության հուսալի ապահովման նպատակով:

Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսային համավարակի հետեւյալ վիճակագրությունը՝ արձանագրված են հիվանդության 8676 դեպք, բուժման մեջ են գտնվում 5212 հիվանդ, առողջացել են 3297 մարդ, եւ ցավոք, մահացել է 120 մարդ:

Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնված կարանտինային միջոցառումները պայմաններ ապահովեցին առողջապահական համակարգի սովորական ռեժիմով գործառնության համար: Մենք նաեւ ավելացրել ենք թեստերի, ԹԱՕ սարքավորումների, բժշկական դիմակների ռեսուրսները, կազմակերպել ենք մասնագետների վերապատրաստում:

Այնուհետեւ մենք գնացել ենք արտակարգ դրության ռեժիմի թուլացմանը եւ, ըստ էության, թույլատրել ենք տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ կանոններին խստագույնս հետեւելու պայմանով, որոնց խախտման դեպքում խիստ տուգանքներ են կիրառվում:

Զուգահեռաբար, մենք փաստացի արդեն կիրարկել ենք շուրջ 20 աջակցության խոշոր միջոցառում սոցիալական ոլորտում, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում՝ մասնավորապես հավելյալ իրացվելիություն տրամադրելով բիզնեսին: Այդ իմաստով, կարծում ենք, որ մեր միջոցառումներն ամբողջությամբ վերացրել են այն մեկանգամյա ցնցումը, որը տեղի էր ունեցել սահմանափակումների պատճառով:

Հարգելի Աբդուլլա Նիգմատովի,

Շնորհակալ ենք այսօրվա նիստը անցկացնելու Ձեր նախաձեռնության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը լիովին աջակցում է ուզբեկական նախագահության նպաստակաուղղված մոտեցումներին, որոնք միտված են համագործակցության դրական դինամիկայի զարգացմանը:

Հարգելի գործընկերներ,

Վերադառնալով այսօրվա նիստի հարցերին՝ ուզում եմ ընդգծել, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ԱՊՀ-ն անցել է կենսագործունեության ձեւի եւ միջպետական հարաբերությունների մեթոդների որոնման դժվարին ուղի:

Վստահ եմ, որ համակարգային մոտեցումը կընկնի հաստատման համար մեզ ներկայացված՝ մինչեւ 2030 թվականը Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի հիմքում:

Շահագրգիռ պետությունների միջեւ բազմակողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում ենք որպես անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում: Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել նման համագործակցության փաստացի ձեւաչափին:

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագրի ընդունումը հիմնված է միասնական կազմակերպա-տեխնիկական մոտեցումների վրա՝ հիմքում ունենալով դրա զարգացման եւ կատարելագործման տեսակետերի ընդհանրությունը: Վստահ ենք, որ դրա իրականացումը թույլ կտա ապահովել կառավարման անհրաժեշտ որակ՝ առկա ռեսուրսների առավել լիարժեք եւ արդյունավետ օգտագործման հաշվին:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում խիստ կարեւորելով բազմակողմ համագործակցությունը՝ կողմ ենք ղրղզական կողմի առաջարկին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալի նշանակման առաջարկին:

Մենք մտադրված ենք խորացնել կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցությունը: Մեր կարծիքով, ԱՊՀ-ն զգալի ներուժ ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի ձեւավորման գործընթացում:

Այս համատեքստում ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է կադրերի պատրաստման որակը բարձրացնելու մեր ընդհանուր ձգտմանը՝ բարձրագույն կրթական եւ լրացուցիչ մասնագիտական համատեղ ուսումնական ծրագրերի իրականացման ցանցային ձեւի ներդրման միջոցով: Մեր կարծիքով հետագայում դա բարենպաստ ազդեցություն կունենա համատեղ գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման վրա:

Ցանկանում եմ նաեւ վերահաստատել մշակութային բազմազանության պահպանմանը եւ մշակույթների երկխոսության զարգացմանը մեր հանձնառությունը մեր ժողովուրդների միջեւ վստահության եւ փոխըմբռնման ամրապնդման նպատակով: Այս առումով հույսեր ենք կապում մշակույթի բնագավառում 2021-2025 թվականների համար նախատեսված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության միջոցառումների իրականացման հետ:

Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ ԱՊՀ տարածքում համագործակցության շրջանակներում համատեղ գաղափարների եւ նախագծերի իրականացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները եւ հնարավորությունները:

Մեր կարծիքով, որ այդ ներուժը պետք է լիարժեք օգտագործել՝ ակտիվացնելով ԱՊՀ տարածքում երիտասարդական համագործակցությունը եւ ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային կազմակերպությունների միջեւ:

Ամփոփելով ուզում եմ տեղեկացնել, որ հայկական կողմը աջակցում է համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:

Շնորհակալ եմ ուշադրության համար: