Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց առնվազն այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի ՍԴ-ին ուղղված պատասխաններին:

Նա հիշեցրեց, որ դեռ Վենետիկի հանձնաժողովից էլ պետք է կարծիք ստանա ՍԴ-ն: «Բայց ՄԻԵԴ-ի այս կարծիքը հստակ ուրվագծեց այն պնդումները, որ մենք անում էինք: Այս կարծիքում դուք տեսնում եք 300.1 հոդվածի անհստակության բանաձեւրը: Եթե այն լիներ հստակ, այս փաստաթղթում դա գրված կլիներ»:

Դիտարկմանը, որ դատավոր Արմեն Դանիելյանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմելու որոշումը, Արամ Վարդեւանյանն ասաց, որ այստեղ մի հանգամանք կա. Արմեն Դանիելյանի այդ որոշման դեմ բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Բացի այդ, ՍԴ դիմում ներկայացրել էր ոչ միայն դատավոր Դավիթ Գրիգորյանը, այլեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

«Մի գաղտնիք բացեմ, որը կարծես տողերի արանքից նկատվում է: Կարծես թե նման դիրքորոշում էր ներկայացվել Եվրոպական դատարան, որ պետք չէ խորհրդատվական կարծիք տալ, չէ որ Արմեն Դանիելյանը նման որոշում է կայացրել: Բայց, փաստորեն, Դանիելյան Արմենը նման հեղինակություն չհանդիսացավ ՄԻԵԴ-ի համար»,-ասաց պաշտպանը:

Հայաստանի միջազգային հեղինակության, պատվի տեսանկյունից շատ ցավալի է այն վիճակը, որ ունենք, որ երբ ամբողջ աշխարհում շատ ծանր հանցագործություններում մեղադրվող անձինք կորոնավիրուսի վարակով պայմանավորված ազատ են արձակվել կալանքից, իսկ ՀՀ-ում օրինակ ՔԿՀ-ները դիտարկվում է որպես ապահով վայր: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Արամ Վարդեւանյանը:

«Հետեւաբար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Ես առավել քան վստահ եմ, որ ցանկացած բան ունենում է սկիզբ եւ ավարտ»,-ասաց նա: