Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի առումով դարձյալ հակառեկորդ է գրանցվել. Անցած 24 ժամում վարակվելու 460 նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր թիվը հասել է 8676-ի: Այս պահին բուժվում է 5214 մարդ, ապաքինվել 3297-ը, վերջին մեկ օրում՝ 10 մարդ: Ընդհանուր առմամբ, 120 պացիենտ մահացել է, մեկ օրում ավելանալով 7-ով:

Մահացած պացիենտները եղել են  59, 64,  66 եւ  72 տարեկան տղամարդիկ, 65,  42  եւ 56 տարեկան կանայք: Վերջինից բացի, մյուս բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում օգնության կոչով դիմել է բժիշկներին, հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին, որոնց  կարիքը համակարգն ունի ամենաշատը, քանի որ, նրա խոսքով, ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց նրանց աջակցությունն է պետք։

Այսօր ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ,  պարետատան այսօրվա նիստից հետո ասել է  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Վարակի տարածումը կանխելու համար նա առաջարկել է  երեք կանխարգելիչ ուղղություններ. հիվանդների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում եւ ինքնամեկուսացում: Երկրորդը տնտեսվարող օբյեկտներն են, որտեղ պետք է պահպանվեն սահմանված կանոնները:

Մեկ մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով մենք արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից ու հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին, նույն ճեպազրույցում ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին, ասել է նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի նախօերի հայտարարությանը, թե աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում: Մենք պատրաստ ենք, ասել է Հարությունյանը եւ  խստորեն կոչ արել Արցախի հետ երբեւէ չխոսել ուժի լեզվով:

Արցախի նախագահը խոսել է նաեւ նոր նշանակումների մասին, հայտնել, որ պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանին առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ իր հրամանագրով, Մասիս Մայիլյանը, որն անցած նախագահական ընտրույթուններում իր մրցակիցն էր, նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար:

Վարչական դատարանը համավարակով պայմանավորված բավարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը:   Նախկին նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնել է, որ մինչեւ համավարակը չավարտվի, Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա քրեակատարողական հիմնարկ

Եվրադատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով իր կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցման։ Նշվել է, որ  դատարանը չի կարող պատասխանել առաջին երկու հարցադրումներին, այսինքն դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։ Իրավաբանական տերմինաբանություն պարունակող 3-րդ եւ 4-րդ կետերի պատասխանները մեկնաբանել է նախկին նախագահի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը

Փաստաբանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Ըստ նրա՝ նույնիսկ դատավոր Աննա Դանիբեկյանի պայմաններում, նա ստիպված հետաձգեց այդ հարցի լուծումը: Այսինքն, Վարդեւանյանի խոսքով,  ինքը նույնիսկ չկարողացավ դա մերժել: Հետեւաբար հարցի պատասխանը տալու  է Սահմանադրական Դատարանը՝ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ելակետերը:

Մենք դուրս ենք գալու փողոց, եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։  Ըստ նրա՝ անկախ Սահմանադրական դատարանի որոշումից, վերջին որոշումը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի կամ գործը պետք է կարճվի, ընդունելու է Աննա Դանիբեկյանը եւ տեսնելով, թե ինչ է անում նա վերջին 1 տարվա ընթացքում, զարմանալի չի լինի, եթե նա կրկին կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի,

Որպես բժիշկ, մտածելով մարդկանց առողջության մասին կոչ եմ անում դիմակ չկրել, եթե վարակակիր չեք, հայտարարել է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր, բժիշկ Նունե Ներսիսյանը: Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրել է անգործության համար։ Ըստ բժշկի՝ դիմակները նույնիսկ առողջ մարդու մոտ առաջացնում են թթվածնային քաղց, ալերգիկ ֆոնն է բարձրանում, սրտանոթային համակարգի խնդիրներն ավելի են լրջանում։ Չեմ կարծում, որ վարչապետը լուրջ հայտարարություններ է անում, որովհետեւ արդեն 2 տարի ոչ մի լուրջ հայտարարություն վարչապետից չենք լսել, ասել է Նունե Ներսիսյանը:

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է նախօրեին Ուսքյուդարի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձին։ Ըստ Պոլսի հայկական «Ակոս» թերթի՝ ոստիկանությունը ուսումնասիրել է մոտ 200 տեսագրություններ եւ պարզել, որ տղամարդը խաչը պոկելուց եւ նետելուց հետո քայլել է մոտ 7 կմ եւ հասել իր տուն։ Նրան անմիջապես ձերբակալել են։

Հայաստանում էլ բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ  տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը: Ոստիկանները պարզել են, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որն առավոտվա 6-ին Թալինից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  Երեւանում նույնպես տեղումներ չեն կանխատեսվում: Մայրաքաղաքում մայիսի 30-ի գիշերը կլինի 14-ից  16 աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը 29-ից 31 աստիճան տաքություն: