Մասնագիտական դիտարկումներից ելնելով կարող եմ ասել` հավանաբար երկնաքար էր, որը կարող է եւ ոչ մի տեղ էլ չի ընկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը` անդրադառնալով օրերս տեսագրված՝ երկնաքերի անկմանը:

Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչները ականատես էին եղել երեկ ուշ երեկոյան: Միքայելյանն ասում է` ամեն օր բազմաթիվ քարեր են ընկնում օրվա տարբեր ժամերի, որքան մանր են քարերը, այդքան շատ են, եւ դրանք ոչ ոք չի նկատում, որովհետեւ մինչեւ ընկնելն օդում այրված են:

«Որպես կանոն մթնոլորտի շերտերում շփումից երկնաքարերը այրվում են: Այս երեւույթները տեսնում ենք նաեւ ասուպային հոսքերի` «աստղաթափի» կամ «աստղային անձրեւի» տեսքով: Նույն բանն է, բայց, եթե քարն ավելի խոշոր լինի, այրման ավելի մեծ հետք կառաջանա: Հնարավոր է՝ երկրի վրա փշուրներ ընկնեն: Մեծ քարերի դեպքում վնասը մեծ կլինի: Դինոզավրերի վերացումը երկրի վրայից` 65 միլիոն տարի առաջ, վերագրվում է երկնաքարի անկմանը: Ասում են` շատ մեծ երկնաքարի անկումից մեծ ցնցում է եղել, եւ բոլոր խոշոր կենդանիները վերացել են: Ամեն օր միլիոնավոր մանր քարեր են մտնում երկրի մթնոլորտ, փոքրերը որպես կանոն այրվում վերջանում են, մենք պարզապես այրման հետքն ենք տեսնում տիեզերքում: Քար այսքան ժամանակ չենք տեսել, այրման մասշտաբներից ենք ենթադրում, թե ինչ չափի քար է եղել»:

Մելիքյանի խոսքով` խոշոր քարերը գրանցված են ցանկում, որոնց շարժին աստղադիտարանում հետեւում են: Ինչո՞վ է պայմանավորված երկնաքարերի անկումը հարցին՝ Միքայելյանը պարզաբանեց.  «Տիեզերքում խառը ուղեծրեր ունեցող բազմաթիվ քարեր կան: Մանր մարմինները կարող են հեշտությամբ փոխել իրենց շարժման ուղեծիրը, որտեղից էլ առաջանում է հավանական բախումները: Խոշոր երկնային մարմինները պտտվում են կանոնավոր ուղեծրերով եւ չեն կարող տեղափոխվել` ի տարբերություն մանր մարմինների, որոնք, երբ անցնում են, օրինակ, Յուպիտերի գրավիտացիոն դաշտով, մոլորակի ձգողականության արդյունքում փոխում են իրենց ուղղությունը, նույնիսկ կարող են ընկնել Երկրի վրա` կողքով անցնելիս»:

Հարցին` ինչո՞վ է հիմնավորված միջազգային մամուլում հրապարակված լուրը, թե երկնաքարի անկումը գրանցվել է Թուրքիայի տարածքում` հյուսիսային Տրապիզոն նահանգում, Միքայելյանն ասաց. «Խիստ կասկածում եմ, որ այսքան կարճ ժամանակահատվածում հստակ եզրակացություն անեն: Սովորաբար որոնումներ են անում երկար ժամանակ: Գուցե ինչ-որ մեկն իր սեփական դիտարկման արդյունքն է ներկայացրել, ենթադրություն է արել»: