Կյանքի վազքի ու հեւքի, մրցակցության մեջ մարդիկ մոռանում էին հոգեւոր արժեքների, ներքին խաղաղության ու հանգստության մասին։ Այս կարանտինն օգնեց մարդկանց հայացքով այս կողմը շրջվել։ Այս մասին Հ2-ի եթերում Շավարշ Գեւորգյանի «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Որքան էլ ցավալի է, տագնապային, նույնիսկ խուճապային տրամադրույթուններ ստեղծվեցին, ոչ միայն աշխարհում, այլեւ մեր երկրում: Տագնապները մարդկանց երբեմն թույլ չէին տալիս սթափորեն գնահատել իրավիճակը: Բայց մյուս կողմից սա փորձություն է, որ ստուգատեսի է ենթարկում մեր հավատքը, կայունությունը, համոզմունքները։ Եվ այն սահմանափակումները, որ տարբեր երկրներում ներդրվեցին, ես դիտարկում եմ մի հնարավորություն, սեփական ինքնության հետ միայնակ մնալու, Աստծո հետ ներդաշնակությունը զորացնելու», ասել է Արշակ սրբազանը։

Այս կարանտինը, Մայր Աթոռի դիվանապետի խոսքով, ցույց տվեց, թե որքան քիչ բան է պետք մարդու կենսագործունեության համար․

«Կարելի է մնալ տանը, այլեւայլ մտահոգությունների տակ չկքել, ներքին խաղաղություն գտնել։ Մարդիկ հասկացան, որ ապրելու համար անհրաժեշտ միջոցների ցանկը շատ ավելի փոքր է, քան ենթադրում էին։ Այս իրավիճակն օգնեց ներքին կարգապահությունը դաստիարակելու, որպեսզի մարդն ավելի ներհայեցողական դառնա, խորհելու կյանքի նպատակի շուրջ, քան առօրյա մրցակցության մեջ ինչ նոր ձեռքբերումներ արձանագրի։ Ի վերջո, կյանքի վազքի ու հեւքի, մրցակցության մեջ մարդիկ մոռանում էին հոգեւոր արժեքների, ներքին խաղաղության ու հանգստության մասին։ Կարանտինն օգնեց մարդկանց հայացքով այս կողմը շրջվել»։

Արշակ սրբազանը հավելել է, որ դա ամենեւին չի նշանակում, որ այդպիսի վիճակում հայտնված մարդկանց պետք է միայնակ թողնել․

«Կյանքը ցույց տվեց, որ անհրաժեշտ է սոցիալական աջակցություն  տրամադրել մարդկանց, եւ Եկեղեցին անմասն չէր կարող մնալ այս հարցում։  Մինչեւ մայիսի 20-ը Հայ Եկեղեցին շուրջ 500 միլիոն դրամի սոցիալական ծրագրեր է իրականացրել, 40 հազար ընտանիքի օգնել, պլանշետներ է տրամադրել կարիքավոր աշակերտներին՝ հեռավար դասերից հետ չմնալու համար։ Մեր Եկեղեցին նյութական մեծ միջոցներով օժտված չէ, եւ Վեհափառը դիմել է թեմերին, աղետալի իրավիճակում հայտնված անապահովներին աջակցելու կոչով։ Եվ մարդիկ աջակցում են, որպեսզի մենք էլ օգնենք կարիքավորներին հաղթահարել այս դժվար կացությունը», ասել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։