ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ոստիկանը ռետինե փամփուշտներով կրակում է WAVE-հեռուստաալիքի լրագրողի վրա, հայտնում է Associated Press-ը:

Միջադեպից հետո Լուիսվիլի ոստիկանության բաժինը ներողություն է խնդրել:

Դեպքը տեղի է ունեցել անկարգությունների երկրորդ օրը՝ ուրբաթ երեկոյան, երբ WAVE-TV-ի նկարահանող խումբը լուսաբանում էր բողոքի ցույցը քաղաքի կենտրոնում՝ կապված աֆրոամերիկացի Բրոննա Թեյլորի սպանության հետ, ով ոստիկանի կողմից սպանվել էր այս տարվա մարտին իր իսկ տանը:
Ինչ-որ պահի անկարգությունների պատճառով ավելացել էր նաեւ ոստիկանների թիվը:

Հեռուստաալիքի լրագրող Քեյթլին Ռաստն արդեն ուղիղ եթերում էր եւ հանկարծ սկսեց գոռալ, որ իր վրա կրակել են: Տեսանյութում երեւում է, որ ոստիկանն ուղիղ նկարահանող խմբի վրա էր նշան բռնել:

Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ ներողություն էր հայցել Լուիսվիլի ոստիկանույան մամուլի քարտուղար Ջեսի Հալադեյը:

Նա նշել է, որ դեռ հայտնի չէ, թե ոստիկաններից կոնկրետ որ ոստիկանն է կրակել լրագրողի վրա, սակայն խոստացել է, որ ոստիկանությունը կրկին կնայի տեսանյութը եւ համապատասխան հետաքննություն կանցկացնի: