Microsoft ընկերությունը մտադիր է MSN պորտալում աշխատող տասնյակ լրագրողների ռոբոտներով փոխարինել, հայտնում է BBC-ն։

Ավտոմատացված համակարգերը կընտրեն նորությունները՝ կայքում տեղադրելու համար։ Այժմ նորությունների վերնագրերը եւ թեմաները հավաքվում են թղթակիցների կողմից, նշում է «Ինտերֆաքսը»։

Microsoft-ը հայտարարում է, որ այդ լրագրողների փոխարինումը արհեստական բանականությամբ բիզնեսի վարման վերագնահատման փուլ է։

«Ինչպես շատ այլ ընկերություններ, մենք պարբերաբար վերագնահատում ենք մեր բիզնեսը: Սա կարող է հանգեցնել մի ոլորտում ներդրումների աճի եւ մեկ այլ ոլորտում վերակազմակերպման: Մեր վերջին որոշումները կապված չեն կորոնավիրուսի համավարակի հետ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Seattle Times-ը նշում է, որ մինչեւ հունիսի վերջը աշխատանքը կկորցնի 50 մարդ, սակայն որոշակի թվով լրագրողներ կմնան։

Որոշ ազատված աշխատակիցներ ասել են, որ արհեստական բանականությունը կարող է չիմանալ խմբագրական քաղաքականությունը, եւ կայքում կհայտնվեն անհարիր նյութեր։

Տուժած աշխատակիցներից մեկը նշել է, թե իր աշխատանքն այն էր, որ ուսումնասիրեր ինչպես են ռոբոտները մարդկային աշխատանք կատարում, իսկ այժմ արհեստական բանականությունը հենց իրեն է զրկել աշխատանքից։