Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ հոտի եւ համի կորստի արտասովոր զգացողություններ է ունեցել նոր կորոնավիրուսային վարակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Լիովին արտասովոր զգացողություններ, երբ դուք կորցնում եք համն ու հոտը։ Ելակն ու հավը միմյանցից հնարավոր չէր տարբերել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի եթերում։

Պեսկովը նաեւ նշել է, որ կորոնավիրուսի առաջացրած զգացողություններն իսկապես կարելի է համեմատել գրիպի հետ։ «Իրականում ամեն ինչ սկսվում է ոչ այնքան լուրջ ախտանշաններով։ Այն օրը, երբ ես, ըստ ամենայնի, վարակվել եմ, մեկ ու կես ժամ սպորտով եմ զբաղվել մարզասրահում, այնուհետեւ վազել եմ յոթ կիլոմետր։ Վայելել եմ ֆիզիկական եւ հոգեբանական հիանալի վիճակը։ Իսկ հաջորդ օրն արդեն ջերմել եմ։ Գրիպ, մկանային ցավ»,-հավելել է նա։

Պեսկովի եւ նրա տիկնոջ՝ Տատյանա Նավկայի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին։ Մայիսի 25-ին Պեսկովը տեղեկացրել էր, որ դուրս է գրվել հիվանդանոցից եւ աստիճանաբար վերադառնում է աշխատանքի տնային ռեժիմում։

Նոր կորոնավիրուսի բռնկման ամբողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է, մասնավորապես, վարչապետ Միխայիլ Միշուստինը, Կառուցապատման նախարար Վլադիմիր Յակուշեւը, Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան եւ Գիտության ու բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը։ Միշուստինն ու Յակուշեւն արդեն դուրս են գրվել ստացիոնարից։ Մայիսի 19-ին վարչապետը, որը նախքան այդ անցկացրել է խորհրդակցություններ տեսակապի միջոցով հիվանդանոցից, վերադարձել է իր պարտավորությունների կատարմանը եւ կրկին սկսել անցկացնել միջոցառումներ ՌԴ կառավարության շենքում։ Լյուբիմովան եւ Ֆալկովը նույնպես առողջացել են եւ վերադարձել աշխատանքի։