Սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Բենջամին Քրամփը կոչ է արել խստացնել ոստիկանության նախկին սպա Դերեք Չովինի պատիժը, որը ծնկով խեղդում էր բերման ենթարկված տղամարդուն մի քանի րոպե շարունակ, ինչի հետեւանքով ավելի ուշ Ֆլոյդը մահացել է հիվանդանոցում, հաղորդում է CBS News-ը։

Մենք համարում ենք, որ (Չովինը) կանխամտածված է արել դա, ոչ թե մեկ կամ երկու րոպեի ազդեցության տակ, այլ ութ րոպե շարունակ՝ գրեթե ինը րոպե սեղմել է ծնկով Ֆլոյդի պարանոցը, քանի դեռ նա չի բղավել, որ չի կարող շնչել։ Չի կարող խոսք գնալ մարդուն բերման ենթարկելու մասին, որը պառկած է ձեռնաշղթաներով՝ դեմքով դեպի ներքեւ եւ վտանգ չի ներկայացնում, սակայն, ի հեճուկս, միտումնավոր ցանկություն է եղել մարմնական վնաս հասցնելու»,-հայտարարել է փաստաբանը Face the Nation հաղորդման եթերում։

Դատախազի խոսքով՝ Չովինը սեղմել է ձախ ծնկով Ֆլոյդի պարանոցն ավելի քան ութ րոպեի ընթացքում։ Ընդ որւմ՝ Ֆլոյդն անգիտակից վիճակում էր վերջին երկու րոպե 53 վայրկյանի ընթացքում։

Միջադեպի ժամանակ ներկա սպաներից մեկն առաջարկել էր շրջել Ֆլոյդին կողքի վրա, սակայն Չովինը հրաժարվել էր՝ հայտարարելով, որ Ֆլոյդը պետք է մնա այնտեղ, որտեղ բերման է ենթարկվել։ Քրամփը նաեւ հիշեցրել է, որ սպանվածը եւ կասկածյալն աշխատել են միեւնույն գիշերային ակումբում։

«Նրանց ուղիները, ըստ ամենայնի, հատվել են։ Եւ դա կարող է լինել գործի ուշագրավ կողմ, եւ հուսով ենք, որ կհանգեցնի առաջին աստիճանի սպանության մեղադրանքի, քանի որ մենք համարում ենք, որ նա գիտեր՝ ով էր Ջորջ Ֆլոյդը»,-ընդգծել է փաստաբանը։

Հայտնի է, որ ներկայում Չովինը մեղադրվում է երրորդ աստիճանի սպանության մեջ (չկանխամտածված սպանություն)։

Հիշեցնենք, որ Ֆլոյդին դաժանորեն բերման ենթարկելու հետեւանքով նա մահացել է, ինչը հանգեցրել է ԱՄՆ-ում բողոքի ալիքի բարձրացման, որը վերաճել է ամբողջ երկրում զանգվածային անկարգությունների։