ՆԱՍԱ-ն հաստատել է, որ Crew Dragon-ի անձնակազմի հրամանատար Դագ Հարլին ճակատը հարվածել է տիեզերանավից դեպի Միջազգային տիեզերակայան անցում կատարելիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այո, նա հարվածել է գլուխը․ դա երբեմն տեղի է ունենում ուղեծրում, սակայն նրա հետ ամեն ինչ կարգին է, նա հրաշալի տեսք ուներ մամուլի ասուլիսի ժամանակ»,-ասել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Սթիվ Սթիչը։

Նա պարզաբանել է, որ աստղագնացներին, որոնք գտնվում են «համեմատաբար փոքր տիեզերանավի վրա» երկար ժամանակահատվածում, անհրաժեշտ է ժամանակ ՄՏԿ-ի պայմաններին ադապտացվելու համար։

ՄՏԿ-ի հետ տեսակապի ընթացքում դեպի տիեզերակայան անցնելիս Հերլին բռնել էր ճակատը, որից հետո նրան փոխանցել էին անձեռոցիկ եւ նա պարբերաբար մաքրում էր ճակատի աջ հատվածը, սակայն արյուն չի երեւացել։

Շաբաթ Crew Dragon-ը մեկնարկել է անձնակազմի կողմից կառավարվող փորձարարական թռիչքը եւ 19 ժամ անց ավտոմատ միացում կատարել ՄՏԿ-ի հետ։ Crew Dragon-ի փորձարարական թռիչքին մեկնել են ՆԱՍԱ-ից աստղագնացներ Դագ Հերլին եւ Բոբ Բենքենը։ SpaceX մասնավոր ընկերության կողմից ստեղծված՝ անձնակազմի կողմից կառավարվող առաջին տիեզերանավը նշանավորել է ԱՄՆ-ի կողմից ինքնուրույն կառավարվող թռիչքների վերականգնումը, որոնք դադարեցված էին 2011 թվականին՝ Space Shuttle ծրագրի ավարտի կապակցությամբ։