Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները 20 րոպե ընդմիջումից հետո վերադարձան քվեարկություններին: Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որն ընդունվեց 111 կողմ ձայներով։ Որոշվեց այն քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Այնուհետեւ Արարտ Միրզոյանը հայտարարեց, որ քվեարկության  է դրվում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը, որը պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով:

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով. «Մենք գտնում ենք, որ նախագիծը հակասահմանադրական է ու խնդրահարույց, եւ չենք մասնակցելու քվեարկությանը, որ մեր ձայներով չապահովենք անցնելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին կոչ կանենք չմասնակցել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում է վերցնում:

Հիշեցնենք, որ դրանից առաջ 20 րոպե ընդմիջում էր վերցրել «Իմ քայլը» խմբակցությունը: