Երկուշաբթի Թուրքիայի քաղաքների միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնվել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի անհրաժեշտությամբ պայմանավորված երկամսյա դադարից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ուղեւորները, սակայն, չվերթին գրանցվելու համար այսուհետ պետք է ունենան «առողջության ծածկագիր», որը կարելի է ստանալ հատուկ հավելվածով կամ «Е-դեվլեթ» պետական պորտալի միջոցով:

Այսպես՝ թուրքական լոուքոսթեր-ավիաընկերություն Pegasus Airlines-ը երկուշաբթի իրականացրել է Ստամբուլից Իզմիր թռիչքը, ընկերության օդանավը օդ է բարձրացել տեղական ժամանակով 10:26-ին:

Դրանից բացի, խոշորագույն ավիափոխադրող Turkish Airlines-ը երկուշաբթի առավոտյան օդ է բարձրացել Ստամբուլի օդանավակայանից եւ մոտ մեկ ժամ հետո վայրէջք է կատարել մայրաքաղաքի Էսենբող օդանավակայանում: Ստամբուլի օդանավակայանի առցանց վահանակը տեղեկացնում է, որ այսօր Turkish Airlines-ի չվերթներ են նախատեսված նաեւ դեպի Անթալիա, Վան, Դիարբեքիր, Իզմիր, Մարդին, Տրապիզոն:

Sabah պարբերականի տեղեկություններով՝ հունիսից աշխատանքը կվերսկսի նաեւ Անթալիայում բազավորված SunExpress ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ի եւ Lufthansa-ի համատեղ ձեռնարկություն: Սպասվում է, որ օդանավերը չվերթներ կիրականացնեն դեպի Ադանա, Վան, Գազիանթեփ, Դիարբեքիր, Կայսերի, Սամսուն, Տրապիզոն: Turkish Airlines-ը նախատեսում է հունիսի 10-ից վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը: Սակայն ավիաընկերությունից չեն հստակեցրել, թե իրենց օդանավերը որ երկրներ կսկսեն թռչել:

Մարտի վերջից Թուրքիայում ավիահաղորդակցությունը դադարեցվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Նոր տեսակի կորոնավիրուսը երկրում առաջին անգամ հայտնաբերվել է մարտի 10-ին տեղացու մոտ, երը վերադարձել էր Եվրոպայից: Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը ներկայումս անցել է 163 հազարից, մահացել է 4 540 մարդ, ապաքինվել 127 973 պացիենտ: