Ես ցանկանում եմ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Այս մասին հունիսի 1-ին Ազգային ժողովի նիստում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ծավալած ագրեսիան ցանկացած պահի կստանա ավելի քան համարժեք եւ լուրջ պատասխան: «Օրերս Ալիեւը հանդես եկավ հերթական ռազմատենչ հայտարարությամբ, որին հետեւեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, որում նա, ըստ էության, խոստովանեց, որ 2016 թվականի ապրիլյան էսկալացիան ծավալել էր Ադրբեջանը: Ցանկանում եմ շեշտել, որ Ադրբեջանի ծավալած ագրեսիային պատասխանը, ինչպես 90-ականներին, 2016-ին, ցանկացած այլ պահի կլինի առավել քան համարժեք եւ լուրջ: Մենք չենք նահանջի կյանքի մեր իրավունքի պաշտպանությունից՝ անկախ այս կամ այն կուսակցությանը պատկանելությունից եւ քաղաքական հայացքների տարբերություններից»,- ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Նա նաեւ նշեց, որ այդուհանդերձ, իրենք կարեւոր խնդիր ունեն՝ միջազգային հանրության ուշադրության հրավիրումը այդ հայտարարություններին, քանի որ Ադրբեջանը մշտապես խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ընդունված երեք կարեւոր սկզբունքներից մեկը, իսկ հատկապես՝ ուժի եւ ուժի կիրառման սպառանալիքի բացառման սկզբունքը: «Միջազգային հանրությունը, առավել եւս միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են խաղաղության պահպանման համար, այս օրերին արդեն հանդես են եկել լրացուցիչ հայտարարությամբ՝ կապված COVID-19 համավարակի հետ: Նրանք չպետք է անտարբերություն դրսեւորեն նման հայտարարությունների հանդեպ, քանի որ իրադարձությունների հակառակ զարգացումը կարող է արձակել Ալիեւի ձեռքերը եւ հանգեցնել տարածաշրջանում նոր էսկալացիայի: Եվ կտրվի լուրջ պատասխան, որի արդյունքում կառաջանան աղետալի հետեւանքներ, առաջին հերթին իր՝ Ադրբեջանի համար»,- շեշտեց Լիլիթ Մակունցը: